Հայաստանին իրավունք են տալիս ԱՄՆ-ից գնելու տեխնիկա` միջուկային անվտանգության ոլորտում. Արմեն Բաղդասարյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն է:

– Ընդհանուր առմամբ, Վենսի՝ Հայաստան կատարած այցին ի՞նչ գնահատական կտաք: Այն ինչպիսի՞ այց էր, ի՞նչ կարող է տալ Հայաստանին:

– Ես կարծում եմ, որ միայն այս այցով գնահատական տալն իմաստ չունի, որովհետեւ այս ամենի արդյունավետությունը կախված է այն բանից, թե ինչպիսին կլինեն Բաքու կատարած այցը, Ադրբեջանի հետ բանակցությունները: Պարզ եթե խոսենք` Վենսը եկել էր Հայաստանին ասելու, թե ինչ է առաջարկվում, երբ Թրիփի երթուղու նախապատրաստական շրջանն ավարտվի, եւ պրոցեսներն առաջ գնան դեպի գործնական փուլ: Նա եկել էր Հայաստանին առաջարկելու, թե ինչ կարող ենք ստանալ այդ ամենի դիմաց: Հիմա էլ գնում է Բաքու՝ Բաքվին առաջարկելու, թե նրանք ինչ են ստանալու այդ ամենի դիմաց: Եթե այդ առեւտուրը հաջողությամբ ավարտվի, ապա փորձ կարվի արդեն գետնի վրա սկսել նախագիծը, որը մինչ այս պահը դեռեւս թղթի վրա է, ինչից հետո էլ պարզ կդառնա, թե ինչպիսի արձագանք կտան Իրանն ու Ռուսաստանը: Եթե մինչեւ այս պահը ծրագիրը թղթի վրա էր, եւ ամեն բան արվում էր հայտարարությունների մակարդակով, հայտնի չէ, թե ինչ կլինի, եթե պրոցեսը մտնի գործնական փուլ: Ես կարծում եմ, որ ՌԴ-ի եւ Իրանի արձագանքը կարող է սպասվածից ավելի կոշտ լինել, հետեւաբար, միայն այս մեկ այցից չեմ կարող հստակ գնահատականներ տալ: Սա միայն առաջին եւ փոքր բաղադրիչն է մեծ պրոցեսի: Ամեն դեպքում, եկեք ֆիքսենք, որ ԱՄՆ-ի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ ավելի կարեւոր են: ԱՄՆ-ն Բաքվին համարում է տարածաշրջանի իր միակ պարտնյորը, իսկ Հայաստանը զուտ պոտենցիալ խոչընդոտող հանգամանք է, այդ պատճառով եկել են գին առաջարկելու, որպեսզի Հայաստանը հանկարծ խոչընդոտ չհանդիսանա:

– Երեկվանից նաեւ 9 միլիարդի ներդրումների մասին է խոսվում: Ոմանք պնդում են, որ ԱՄՆ-ն 9 միլիարդի ներդրումներ է կատարելու, իսկ շատերն էլ պնդում են, որ որեւէ լումա չի ներդրվելու Հայաստանում: Հետաքրքրականն այն է, որ բոլորը Վենսի ուղիղ խոսքն են վկայակոչում, սակայն այդպես էլ չի հասկացվում, թե որն է իրականությունը:

– Խոսքը, բնականաբար, այն ներդրումների մասին չէ, որը մեր հանրությունը հասկացել է: Նրանց ասածն այն է, որ Հայաստանին իրավունք են տալիս ԱՄՆ-ից գնելու տեխնիկա` միջուկային անվտանգության ոլորտում: Ինչո՞ւ են այն ներդրում համարում, քանի որ այլ երկրների դա թույլ չեն տալիս, իսկ Հայաստանին թույլ են տալիս: Այդ իմաստով Հայաստանին բոնուս են տալիս ընդամենը: Օրինակ, եթե Եմենը նման ցանկություն հայտնի, Ամերիկան դա թույլ չի տա, սակայն Հայաստանին թույլ է տալիս՝ պրոցեսը ներկայացնելով որպես հայ-ամերիկյան ռազմավարական ներդրում: Նյութական, ֆինանսական ներդրման մասին խոսք չկա, եւ, իհարկե, իրականում խոսքը ներդրման մասին չէ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment