Չեխ լրագրողուհին՝ Խոջալուի ողբերգության մասին

Հայտնի չեխ լրագրողուհի Դանա Մազալովան, որը լուսաբանել է ռազմական գործողությունների ընթացքը Արցախում, Չեչնիայում և Բոսնիայում, Խոջալուի (Իվանյան) մասին խոսելիս, նշել է, որ ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևը, որը հետագայում սպանվել է Ադրբեջանում՝ իր իսկ հայրենակիցների կողմից, եղել է միակ լուսանկարիչը, որին հաջողվել է նկարահանել Խոջալուի (Իվանյան) ողբերգության հետևանքները։

«Չինգիզը պատմում էր, որ դեպքի վայրում եղել է երկու անգամ՝ փետրվարի 28-ին և մարտի 2-ին՝ ամեն ինչ նկարահանելով իր տեսախցիկով։ Միաժամանակ նա նշում էր, որ մարդկանց սկզբում կրակել էին ծնկներին, որպեսզի նրանք չկարողանան փախչել, իսկ դրանից հետո, ամենայն հավանականությամբ, կացնով սպանել էին նրանց», – ասել է Մազալովան։

Նա նշել է, որ դիակները հայտնաբերվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Աղդամից մոտ 200 մետր հեռավորության վրա։ Ընդ որում, նկարահանումների պահին դիակների միջով քայլում էր համազգեստով մի տղամարդ, որը չէր փորձում թաքնվել նույնիսկ ադրբեջանական ուղղաթիռի հայտնվելու ժամանակ։

Նրա խոսքով՝ երկու օր անց, վերադառնալով դեպքի վայր, Մուստաֆաևը հայտնաբերել էր, որ դիակները գլխամաշկազրկված էին։

Լրագրողուհին նշել է, որ անձամբ Մուստաֆաևի տանը դիտել է նրա կողմից նկարահանված դեռևս չմշակված նյութերը։ Նրա խոսքով՝ այդ կադրերի պատճառով Չինգիզը շատ էր վախենում իր կյանքի համար, փորձում էր տնից դուրս չգալ և զրահաբաճկոն էր կրում։ Նա սպանվեց դրանից մոտ կես տարի անց։

Միաժամանակ, ինչպես նշել է չեխ լրագրողուհին, Խոջալու գրոհած Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակիչների համար թողել էին անվտանգ հեռանալու միջանցք՝ ռազմական գործողությունների գոտուց դուրս գալու նպատակով։

Նրա խոսքով՝ այդ միջանցքով, մեսխեթցի թուրքերի հետ միասին, անցել է նաև ռուս ֆոտոլրագրող Վիկա Իվլևան, որը ոչ միայն ողջ է մնացել, այլև այդ իրադարձությունների ժամանակ արված իր լուսանկարները հրապարակել է «Московские новости» թերթում:


Նախիջևան վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment