Քաղաքականություն
26.08.2026 | 18:36
Ազգային ժողովում մտքերի փոխանակության ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես եկավ ելույթով՝ քննադատելով իշխանությունների գործելաոճն ու իրավապահ և դատական համակարգերի նկատմամբ քաղաքական ճնշումները։
Պատգամավորը նախ հիշեցրեց կալանքի տակ գտնվող պատգամավոր Արթուր Սարգսյանի մասին՝ պնդելով, որ նրա կալանավորումը եղել է քաղաքական ուղիղ հրահանգով։ Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ Մանուկյանը հայտարարեց, որ իշխանությունը դատական և ուժային կառույցներն օգտագործում է ընդդիմադիրներին լռեցնելու և քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար։
Խոսելով նախօրեին տեղի ունեցած դատական գործընթացների մասին՝ պատգամավորը հայտնեց, որ քրեական գործի շրջանակում կալանավորվել է մի ամբողջ ընտանիք․
«Երեկ Ռոբերտ Քոչարյանի դեմ արշավում ձերբակալվում է մի ամբողջ ընտանիք՝ հայր, մայր, երկու քույրեր։ Քույրերից մեկին, որը երեք անչափահաս երեխայով միայնակ մայր է, դատարանը կալանավորում է։ 74 տարեկան տատիկին էլ են կալանք տալիս, մյուս քրոջն էլ՝ անչափահաս երեխաների մորը, իսկ հորը՝ տնային կալանք։ Այսպիսի բան մեր երկրում նույնիսկ Խորհրդային Հայաստանում չի եղել»,- նշեց Մանուկյանը։
Պատգամավորն առանձնահատուկ դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կին պատգամավորներին և իրավապաշտպան ՀԿ-ներին՝ հարցադրում անելով նրանց լռության մասին․
«Էսօր իրիկուն, որ տուն գնաք, հիշե՛ք՝ երեք կին՝ 74 տարեկան տատիկն ու նրա երկու դուստրերը, գտնվում են Աբովյանի կանանց գաղութում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան