ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքի անդամներին վերաբերող քրեական գործերը 8 տարի է՝ քննվում էին, և մեր իրավապահ մարմինները պետք է բացատրություն տան, թե ինչու 8 տարի առաջ չէր բացահայտվում այս ամենը։ Այսօր այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։
«Երկրի վարչապետը չի կարող հրահանգել քաղաքական ամբիոնից, որովհետև այդ գործերը վաղուց քննվել են։ Կա հանրային լայն պահանջ, որ Հայաստանը ունեզրկած բոլոր քաղաքական գործիչները հայտնվեն բանտում»,– ասաց Ղազարյանը։
Նա նկատեց, որ սահմանադրական փոփոխություններով կարևոր է հասնել նրան, որ կարողանան իրավապահ համակարգից, հատկապես դատարաններից, դուրս թողնել այն մարդկանց, որոնք չեն սպասարկում քաղաքացիների կողմից ձևավորված օրակարգերը։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին հնարավոր անդամակցությանը և այդ ֆոնին հիբրիդային արշավների հնարավոր սրացմանը՝ Ղազարյանն ասաց, որ հիբրիդային արշավները չեն դադարի ՀՀ-ի վրա, քանի դեռ խորհրդարանում երկու քաղաքական ուժերը բառացիորեն կրկնում են ՌԴ-ից եկող թեզերը։
«Ինչ վերաբերում է ԵՄ-ին, մենք մեր ԵՄ գործընկերների հետ շատ անկեղծ ենք, մեր ԵՄ գործընկերները անկեղծորեն գնահատում են այն ճանապարհը, որը ՀՀ-ն պետք է անցնի, ու այդտեղ ես որևէ շտապողականություն չեմ նկատել»,- հավելեց պատգամավորը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: