Ոստիկանները ձերբակալել են դանակահարության մեջ կասկածվողին. նա հաշվառված է հոգեբուժարանում

Բաժանորդագրվել

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել և մինչև դեպքը երբևէ չեն հանդիպել։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող անձին, նա ձերբակալվել է, հայտնում են ՆԳՆ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաղրամյան պողոտայից դեպի Ռ․ Լեմկինի՝ ժողովրդին հայտնի Նոտարի փողոց տանող ճանապարհից հոսպիտալացված երիտասարդը մահացել է։

«Նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։33-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում դանակահարված քաղաքացի կա։ Շտապօգնության խումբը 29-ամյա երիտասարդին կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց։ Նոյեմբերի 8-ին երիտասարդը մահացել է հիվանդանոցում»,-նշված է հաղորդագրության մեջ։

Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող՝ 2001 թվականին ծնված անձին։

Ձերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել և մինչև դեպքը երբևէ չեն հանդիպել։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Leave a comment