Անեծքի պաշտոնական բացում արեցինք ԱԺ նիստերի դահլիճում. ԱԺ նախագահ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանին չընդհատեցիք ԱԺ ելույթի ժամանակ, երբ բարեվարքության կանոններին չհամապատասխանող բառամթերք էր օգտագործում՝ կզզացնել, պիղծ… 

Այսօր ԱԺ-ում լրագրողները այս հարցի պատասխանը փորձեցին ստանալ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանից:

«Որովհետև ոչ ոքի ուղիղ չի վիրավորել, հասցեական վիրավորանք չի հասցվել։ Ի տարբերություն ընդդիմադիր գործիչների, որոնք երեկ առնվազն մի քանի անգամ վիրավորական արտահայտություններ արեցին։ Նույնիսկ անեծքի պաշտոնական բացում արեցինք ԱԺ նիստերի դահլիճում։ Երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցողը պաշտոնապես անիծեց մեզ և մեր սերունդներին։ Բայց ինչևէ, օրհնյալ լինեն նրանք»,– ասաց Ռուբինյանը։

Վեհափառին վերաբերող վիրավորական արտահայտություններին էլ անդրադառնալով՝ Ռուբինյանն ասաց՝ վիրավորական արտահայտություն չի համարում։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Ռուբինյանն ասաց, որ իրենք չեն, որ ինչ-որ բան են անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատացնելու համար։

«Հակառակը՝ ամեն ինչ արել ենք ու ամեն ինչ շարունակում ենք անել բարեկամական հարաբերություններ ունենալու համար։ Հայկական տնտեսվարողների դեմ կիրառվող անտեղի ու անարդարացի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ կանոններին ու ՀՀ-ՌԴ հարաբերությունների ոգուն։ ԵԱՏՄ գոյության ամբողջ իմաստը ապրանքների անմաքս ու ազատ շարժն է, իսկ այստեղ գործ չունենք դե ֆակտո ազատության հետ։

Ինչ վերաբերում է ԵՄ անդամ դառնալու դիմումին, հենց մեր ԵԱՏՄ գործընկերներն են ջանում, որ դա անենք, որովհետև անընդհատ ասում են, որ հանրաքվե պետք է անցկացնենք, իսկ հանրաքվե անցկացնել ԵՄ անդամակցության հարցի վերաբերյալ հնարավոր է, երբ այդ հարցը ձևակերպված լինի ու այդ հարցից բխող հանգամանքները հայտնի լինեն»։

Նրա խոսքով՝ հանրաքվե հնարավոր կլինի անցկացնել, երբ դիմեն ԵՄ անդամակցության համար, ստանան համապատասխան դրական արձագանք և համապատասխան քայլերի ժամանակային հստակություն։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment