Բավականին զգայուն թեմայից ենք խոսում. ոստիկանության փոխգնդապետը՝ անչափահասների շրջանում թմրամիջոցների կանխարգելման աշխատանքների մասին

«Առհասարակ թմրամիջոցների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները չեն սահմանափակվում միայն դպրոցներում, ուսումնական հաստատություններում տարվող աշխատանքներով: Դա բազմափուլային աշխատանք է, որը չի կարող իրականացվել մեկ կոմպոնենտով կամ մեկ գործողությամբ: Թմրամիջոցների կանխարգելման տեսանկյունից ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ նաեւ որոշակի միջոցառումներ ենք նախատեսում իրականացնել, մասնավորապես տեղեկատվական թերթիկներ ենք փոխանցելու ուսումնական հաստատություններին, որոշ դեպքերում նաեւ երեխաների օրինական ներկայացուցիչներին, ծնողներին»,- Ներքին գործերի նախարարությունում կայացած ասուլիսում նշեց համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը՝ պատասխանելով դպրոցականների շրջանում թմրամիջոցների կանխարգելման աշխատանքների վերաբերյալ լրագրողների հարցին։

Նրա խոսքով, այդ տեղեկատվական թերթիկներում կարող է լինել այնպիսի տեղեկատվություն, որը կարող է երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի մոտ հիմնավոր կասկած առաջացնել, որ իր երեխան օգտագործել է թմրանյութ, ինչպես նաեւ նման կասկածի դեպքում վարվեցողության ինչ մեթոդ ծնողը կարող է կիրառել:

«Մենք բավականին զգայուն թեմայի մասին ենք խոսում, պետք է շատ զգուշավորությամբ իրականացնել այդ աշխատանքները, որպեսզի դրանք քողարկված գովազդի չվերածվեն»,- ի թիվս այլնի նշեց փոխգնդապետը: Նա ասաց, որ ավելի շատ շեշտը դնում են ծնողների եւ օրինական ներկայացուցիչների հետ կանխարգելիչ աշխատանքների իրականացման վրա:

Գեորգի Խաչատրյանը նշեց, որ այս տարի անչափահասների շրջանում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 դեպք, դա մեկով պակաս է անցյալ տարվանից:

Ասուլիսն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment