Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի դեպքում ՀՀ մեկնել ցանկացող ռուսաստանցիների մուտքը չեն սահմանափակի։ Այս մասին «Дождь»-ին հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Սիմոնյանից հետաքրքրվել են` պատրա՞ստ է արդյոք Հայաստանն ընդունել այն ռուսաստանցիներին, որոնք ձգտում են խուսափել ռազմաճակատ մեկնելուց։
«Սահմանին ոչ ոք չի պատրաստվում որևէ մեկին հարցնել, թե ինչու է նա այստեղ եկել։ Ինչպես գիտեք, Ռուսաստանից մարդիկ կարող են Հայաստան գալ առանց արտասահմանյան անձնագրի։ Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան»։ Այստեղ մենք բոլորին սիրում և հարգում ենք։ Նրանք այստեղ կգտնեն այն ամենը, ինչ փնտրում էին Հայաստան գալով։ Իսկ Ռուսաստան կվերադառնան, երբ իրենց հարմար լինի։ Հայաստանը որևէ կերպ չի խոչընդոտի, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի»,- ասել է Սիմոնյանը։
Վերջին ամիսներին տարբեր աղբյուրներ տեղեկություններ են հրապարակել Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հնարավորության վերաբերյալ։ Կրեմլը, սակայն, օգոստոսի 25-ին նոր մոբիլիզացիային վերաբերող տեղեկություններն անվանել է «տեղեկատվական կեղծիքներ»։ Միևնույն ժամանակ, 2022 թվականի սեպտեմբերին մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից առաջ ևս Ռուսաստանի իշխանությունները հերքել են դրա նախապատրաստման վերաբերյալ տարածվող տեղեկությունները։