80 տարեկանում մահացել է ամերիկացի երգչուհի, դերասանուհի և քանթրի երաժշտության պատմության մեջ ամենահայտնի կատարողներից մեկը՝ Դոլի Փարթոնը։
Երգչուհու ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութում այս մասին հայտնել է նրա եղբորորդին՝ Բրայան Սիվերը։ Մահվան պաշտոնական պատճառը չի հաղորդվում։
«Այսօր ներկայացնելով Փարթոն և Օուենս ընտանիքները՝ հայտարարում եմ իմ հորաքույր Դոլի Ռեբեկա Փարթոն Դինի մահվան մասին, որը մի սերնդի համար Սիս ու Գրեննի էր, իսկ հաջորդի համար՝ Ջիջի (քույր, տատիկ և մեծ տատիկ)»,- ասել է Սիվերը։
Նրա խոսքով՝ Փարթոնը տարիներ առաջ անձամբ է իրեն խնդրել նմանատիպ հայտարարություն անել։ Նա նշել է, որ ավելի քան 20 տարի ղեկավարել է երգչուհու անվտանգության ծառայությունը, իսկ մինչ այդ այդ աշխատանքը կատարել է իր հայրը։
Ինչպես հաղորդում է NBC News-ը, երգչուհու մահը վրա է հասել առողջական խնդիրների պատճառով։ Մայիսին Փարթոնը հայտնել էր Լաս Վեգասում նախատեսված ելույթի չեղարկման մասին և պատմել, որ մի քանի տարի բուժվել է երիկամների քարերից։ Նա նաև խոսել էր իմունային և մարսողական համակարգերի խնդիրների մասին։
Ուրբաթ օրը Փարթոնը խոստովանել էր, որ 2025 թվականի մարտին ամուսնու՝ Քարլ Դինի մահից հետո իր էներգիան գնալով նվազում է, սակայն ընդգծել էր, որ չի պատրաստվում հեռանալ բեմից։
Ավելի քան 60-ամյա կարիերայի ընթացքում Փարթոնը վաճառել է 100 միլիոնից ավելի ձայնասկավառակ և արժանացել 11 «Գրեմմի» մրցանակի։ Նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերել այնպիսի երգերով, ինչպիսիք են «Jolene»-ը և «I Will Always Love You»-ն։ Վերջինս հետագայում նոր հնչողություն ու համաշխարհային փառք է ստացել Ուիթնի Հյուսթոնի կատարմամբ։
Փարթոնը հաջողության է հասել նաև կինոյում՝ նկարահանվելով «Իննից հինգը», «Պողպատե մագնոլիաներ» և «Տեխասի լավագույն փոքրիկ հասարակաց տունը» ֆիլմերում։ 1984 թվականին նա աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում։