Զրուցել ենք պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ։
– Վերջին շրջանում բանակում աճել են սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների դեպքերը։ Որտեղի՞ց է գալիս խնդիրը` համակարգայի՞ն է, թե՞ յուրաքանչյուր դեպք պետք է առանձին դիտարկել։
– Չնայած նրան, որ յուրաքանչյուր դեպք յուրովի պետք է դիտարկել եւ պետք է ծառայողական քննություն անցկացնել, որ որոշվեն պատճառները, հանգամանքները բացահայտվեն եւ դրանցից բխող որոշումներ կայացվեն, բայց, այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ խնդիրները խորքային են: Առաջին հերթին դա բխում է այն միջավայրից, որը տիրում է Հայաստանում` դա ատելության մթնոլորտն է, անհանդուրժողականության միջավայրը, քրեական մշակույթը, ինչպես նաեւ՝ զինվորական ծառայության քաղաքականացումը, երբ մտերիմներին կամ խնամի-ծանոթ-բարեկամներին պաշտոնների են նշանակում: Սա, միանշանակ, ազդում է զինվորական ծառայության վրա, բայց եթե կոնկրետ, առանձին-առանձին վերլուծենք դեպքերը, ապա ինքնասպանությունների կամ սպանությունների հիմնական պատճառը քնելն է, իսկ մարդիկ դիրքերում քնում են, որովհետեւ հոգնում են։ Չնայած նրան, որ 2022-23-ից հետո դիրքերում որոշակիորեն հանգիստ է, հակառակորդի` սադրանքներ իրականացնելու վտանգը չկա, եւ այդ պայմաններում ավելի հանգիստ պետք է լինի ծառայությունը եւ բարելավվի, բայց դեպքերը շարունակվում են։ Եթե մարդիկ դիրքերում քնում են, ուրեմն բանակի քանակի խնդիր ունենք։ Կանոնադրության համաձայն, չի թույլատրվում օրումեջ պահակային ծառայության նշանակել զինծառայողներին, որովհետեւ 24 ժամ` 2 ժամ պարբերականությամբ որոշակի հոգնածության է բերում մարդուն։ Մարտական հերթապահության մեջ այդ նույն պարբերականությամբ ոչ թե 2 օր, այլ 2 շաբաթ են զինծառայողներն անցկացնում։ Մեր ժամանակ լուծում տվեցինք՝ 4 հերթափոխ դարձրինք մարտական ծառայությունը, ստացվում էր, որ այդ 2 շաբաթների ընթացքում գոնե օրը 8 ժամ քնում էր յուրաքանչյուրը, եթե դա այսօր չի իրականացվում, նշանակում է, որ զինված ուժերի համալրման խնդիր կա։ Այսինքն, թվաքանակի խնդիր կա, եւ ներքեւի մարտավարական օղակի հրամանատարական կազմում ոչինչ չեն կարող անել, որովհետեւ թվաքանակի համար պատասխանատու են պաշտպանության նախարարը եւ Գլխավոր շտաբի պետը։ Երկրորդ խնդիրը զինված ուժերի պատրաստության, այսինքն՝ առօրյա խնդիրների իրականացման մեջ է՝ ուսուցման եւ դաստիարակման մակարդակը ցածր է։ Հրամանատարական կազմը երեւի հետեւողական չէ անձնակազմի դաստիարակման գծին, եւ դրա համար բանակ ներթափանցած արատավոր բարքերի դեմ պայքարն արդյունավետ չէ։ Եթե խորը վերլուծեն, կտեսնեն, որ արատավոր բարքերի հիմնական առիթն անհանդուրժողականությունն է զինծառայողների նկատմամբ, որը գալիս է քրեական ենթամշակույթից եւ այլն։ Այսինքն՝ բանակը տղամարդկանց փակ մեծ կառույց է, բայց պետությունն ունի իր գործիքակազմը՝ այս արատավոր բարքերի դեմ պայքարելու, իսկ դրա համար հրամանատարները պետք է տիրապետեն համապատասխան մեթոդների եւ սկզբունքների։ Պետք է իմանան` ինչպես քաղաքացիական կյանքից ընդունեն մարդուն, եւ ինչ ներդաշնակման փուլեր պետք է անցնի։ Էսօր Նիկոլ Փաշինյանն ասում է, որ արատավոր բարքերը քաղաքացիական կյանքից են գալիս, բայց առաջին հերթին գալիս են իրենից, երկրի առաջին դեմքն այդ խոսույթով, անառողջ քննարկումներով։ Չեմ ուզում կրկնել նրա ասածները, բայց նրա հոգեվիճակը կարելի է պատկերացնել՝ ընթերցելով նրա գիրքը․ իհարկե, ես չեմ ընթերցել, բայց պարբերաբար համացանցում հատվածներ հանդիպում են։
– Իսկ արատավոր երեւույթների շարքում կարելի՞ է դասել օնլայն մոլախաղերը։
– Ես հստակ տեղեկատվություն չունեմ, բայց լսել եմ, որ օնլայն խաղերը, թղթախաղերը, ինչպես նաեւ՝ թմրանյութերի օգտագործման դեպքեր կան տարածված բանակում։ Բայց եթե հրամանատարը տեղում լինի, դրանց դեմ պայքարել հնարավոր է։
Արմինե ՆԱՎՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: