ՌԴ ԱԳՆ-ում կարծում են, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին՝ Հարավկովկասյան երկաթուղու հարցում

«Հարավկովկասյան երկաթուղու» ռուսական կոնցեսիան փոխանցելու վերաբերյալ Հայաստանի հայտարարությունները Մոսկվայում գնահատել են որպես արևմտյան մայրաքաղաքների կողմից իրականացվող շանտաժ, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չէր բարձրացվել, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ հայկական ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Պահանջում են տրանսպորտային ոլորտում վերացնել «ռուսական գործոնը», իսկ դրա դիմաց խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և ներգրավում այնպիսի նախագծերում, որոնց տնտեսական նպատակահարմարությունը հազիվ թե նշմարվի։ Սա լիովին համապատասխանում է Արևմուտքի մայրաքաղաքների անբարեխիղճ խաղերին՝ Ռուսաստանն Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելու ուղղությամբ», – լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

«Երևանի փաստարկները, թե ռուսական կոնցեսիան, իբր, խոչընդոտում է Հայաստանին՝ լոգիստիկ նախաձեռնությունների մասնակից դառնալ, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը», – կարծում են ՌԴ գերատեսչությունում։

Նշել են՝ «այս առնչությամբ բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներով։ Միևնույն ժամանակ, հայկական կողմը դժվարանում է հակափաստարկներ ներկայացնել»:

ՌԴ ԱԳՆ-ում նաև ընդգծել են, որ «նախքան հրապարակային հայտարարություններով հանդես գալը, գործընկերները սովորաբար նստում են բանակցությունների սեղանի շուրջ և գործնական մթնոլորտում քննարկում առկա խնդիրներն ու մտահոգությունները, հատկապես, եթե, ինչպես պնդում են Երևանում, կա բարեկամական եղանակով լուծում գտնելու ցանկություն»:

««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն առավելագույն պատասխանատվությամբ է կատարում իր պարտավորությունները, իրականացրել է զգալի ներդրումներ՝ ավելի քան 30 միլիարդ ռուբլի, այդ թվում՝ շարժակազմի արդիականացման ուղղությամբ։ Կարևոր է նաև, որ դրա ժամանակացույցը ճշգրտվել է հայկական կողմի խնդրանքով։ Հենց ռուս երկաթուղայինների մասնագիտական կարողություններն են օգնել Հայաստանին պահպանել մրցակցային առավելությունները, որոնք այսօր, ընդհանուր առմամբ, հնարավորություն են տալիս խոսել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին», – հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը հայկական երկաթուղիների կառավարումը շարունակելու դեպքում հանրապետությունը կորցնում է միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները, և Ռուսաստանի կողմին խնդրել էր «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի իրավունքը վաճառել երրորդ երկրի», – հիշեցնում է «Ինտերֆաքս»-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment