Լևոն Քոչարյան․ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ասում է՝ էս մարդը պետք է նստի, հաջորդ օրը ԱԱԾ-ականները մտնում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեր ընտանիքի նկատմամբ ընթացող գործընթացը ոչ թե իրավական է, այլ քաղաքական, և հանգուցալուծումը կլինի քաղաքական։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25–ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Նա պարզաբանել է, որ պատկերացում անգամ չունի հորը վերագրվող «հանցագործության» մասին և համոզված է, որ տեղի ունեցողը հանգում է իշխանությունների՝ բոլոր նրանց չեզոքացնելու փորձին, որոնք կարող են խանգարել իշխանություններին՝ Հայ Առաքելական եկեղեցի, Ծառուկյան, Քոչարյաններ և այլն։ «Սա տեղի է ունենում, որովհետև ավանդական կառույցները լռում են՝ դեսպանատներ, արևմտյան կառույցներ, քար լռություն, ոչինչ չկա։ Վարչապետի աթոռը զբաղեցնողը ցուցումներ է տալիս, թե ով պետք է նստի, և հաջորդ օրը 20 զինված ուժայիններ հայտնվում են տվյալ անձի տանը։ Չգիտեմ՝ էլ ինչ պետք է տեղի ունենա ցույց տալու համար, որ վարչապետն իրեն դրել է օրենքից վեր», – նշել է Քոչարյանը՝ մեծ ողբերգություն անվանելով այն, որ գտնվեցին մարդիկ, որոնք իրենց ձայնը տվեցին այդպիսի մարդու. նա բարոյական կարմիր գծեր չունի և շարունակում է նույն ոգով, քանի դեռ դրա հնարավորությունն ունի։

Միևնույն ժամանակ նա շատերին դարձնում է հանցակիցներ։ Գուցե և ակամա, նրանք՝ սկսած քննիչներից մինչև ուժայիններ, գործում են նրա ցուցումով։ Բոլոր նրանք, ովքեր ունեն մասնագիտական արժանապատվություն, պետք է իմանան, որ պատասխան տալու ժամանակը գալու է»։

Պատգամավորը շեշտել է, որ իրավական առումով կարվի հնարավոր ամեն ինչ, սակայն հարցը քաղաքական է, պարզապես իշխանությունները փորձում են իրավական գործընթացի տեսք հաղորդել։ «Ամբողջ գործընթացը քաղաքական է, և հանգուցալուծումը կլինի քաղաքական»,– հայտարարել է Լևոն Քոչարյանը։

Նա հայտնել է, որ հոր մասին տեղեկություններ չունի (Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակը, ձերբակալված են) և հաստատել է, որ նա 2 շաբաթ առաջ վիրահատություն է տարել, եղել է սրտի խնդիր։

News.am

Leave a comment