Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները


Ավարտվել են Արագածոտնի մարզի Թալինի ջրանցքի «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:


 


Կատարվել է պոմպակայանի շենքի հիմնանորոգում, փոխարինվել են մեկ փոքր և չորս հզոր պոմպային ագրեգատներ, տեղադրվել են ժամանակակից և էներգախնայող սարքավորումներ։


 


Ամբողջությամբ փոխվել են նաև պոմպակայանի էլեկտրական կառավարման և կարգավորման վահանակները, ինչի արդյունքում բարելավվել են պոմպակայանի կառավարման, շահագործման հուսալիության և էներգաարդյունավետության պայմանները։


 


Հիմնանորոգվել է նաև մղման խողովակաշարը։ Իրականացվել են խողովակաշարի մակերեսի համապատասխան մշակում և ներկային պաշտպանիչ ծածկույթի ամբողջական նորացում՝ կոռոզիայից պաշտպանությունն ու հետագա հուսալի շահագործումն ապահովելու նպատակով։ Արդյունքում՝ բարելավվել է պոմպակայանի տեխնիկական վիճակը, բարձրացել՝ շահագործման հուսալիությունն ու արդյունավետությունը։


 


Այսուհետ նոր, ժամանակակից և էներգաարդյունավետ պոմպային ագրեգատների միջոցով կապահովվի Արգինա և Արագածավան բնակավայրերի ընդհանուր 1,600 հեկտար գյուղատնտեսական հողատարածքների կայուն և հուսալի ոռոգման ջրամատակարարումը։ Սպասարկվող հողատարածքներում հիմնականում մշակվում են պտղատու այգիներ և բանջարաբոստանային մշակաբույսեր։


 


Ծրագրի իրականացումը կարևոր նշանակություն ունի Թալինի տարածաշրջանի ոռոգման համակարգի բարելավման, գյուղատնտեսական հողատարածքների արդյունավետ օգտագործման և գյուղատնտեսական արտադրության կայունության ապահովման տեսանկյունից։


 

Դիտումների քանակ3

Leave a comment