Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ պատերազմը ինչ-որ փուլում պետք է ավարտվի։
«Ավելի լավ է պատերազմն ավարտենք այսօր, երբ հզորության և արժանապատվության մեջ ենք, և ամբողջ աշխարհն ընդունում է մեր հաղթանակը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն, հակառակ բոլոր կանոնների, հարձակվել է մեր դպրոցների, հիվանդանոցների ու ենթակառուցվածքների վրա և ատելի է աշխարհում»,- ասել է նա։
Ըստ Փեզեշքիանի. «Այսօր մեր համոզմունքն է՝ բոլոր հրամանատարներն ու զինված ուժերը պատրաստ են երկրի պաշտպանությանը: Նրանք նույնպես հավատացած են, որ կառավարությունը ամբողջ էությամբ ձգտում է ծառայել ժողովրդին»։
Փեզեշքիանը, ընդգծելով խնդիրների բարձրաձայնման փուլն անցնելու և դրանց լուծմանն անցնելու անհրաժեշտությունը, ասել է. «Ցավերի ու խնդիրների բարձրաձայնումը լուծում չէ և չի օգնում: Ցավը վեր հանելը բուժում չէ. պետք է բուժել: Գոյություն ունեցող ցավերի հաճախակի կրկնությունը երբեմն բացասական ազդեցություն է ունենում: Ելքը ցավին դարման անելն է, ինչը, անշուշտ, հեշտ գործ չէ»։
Ըստ նրա. «Ես՝ որպես նախագահ, ինձ ձեզանից ոչ մեկից բարձր չեմ համարում, այլ հավատացած եմ, որ ձեզանից շատերն ինձնից ավելի կարող են և բարձր. այն տարբերությամբ, որ այսօր ծանր բեռ է դրված մեր ուսերին, և մենք փորձում ենք այս բեռը, իր բոլոր դժվարություններով ու ծանրությամբ հանդերձ, հասցնել հանգրվանին»։