Փաշինյան․ AI-ն դառնում է Հայաստանի առօրյայի մաս. կստեղծվի մասնագիտացված գրասենյակ

Նա նշեց, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ինստիտուտներ ԱԲ-ի հետ փոխգործակցության համար


ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Արհեստական բանականությունը ամենօրյա ռեժիմով մտնում է Հայաստանի իրականություն, և այս ոլորտը մեծ տեմպերով զարգանալու է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Մենք պետք է վերստուգենք մեր պատկերացումները էլեկտրաէներգիայի սպառման և արտադրության առումով, թե դրանք որքանով են համապատասխանում այն նոր միջավայրին, որ ձևավորվում է։ Որովհետև սուպերհամակարգչային կենտրոններն այնքան էլեկտրաէներգիա են ծախսում, որ մենք դեռ չենք պատկերացնում դրա ծավալը։ Կարող է տեղի ունենալ էլեկտրաէներգիայի սպառման պրոգրեսիվ աճ», – նշել է Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստում։


Նա նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ինստիտուտներ ԱԲ-ի հետ փոխգործակցության համար։


«Մեր տեսլականն այն է, որ նախարարությանը (Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության – խմբ.) կից կձևավորվի արհեստական բանականության հարցերով մասնագիտացված գրասենյակ։ Լավ նորությունն այն է, որ ԱԲ ենթակառուցվածքն արդեն դադարել է լինել միայն լրատվական նյութերի թեմա», – ասել է Փաշինյանը։


Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրվել են շատ լուրջ և էական զարգացումներ։


«Երկրում արդեն գործում է 3 սուպերհամակարգչային կենտրոն, որոնցից 2-ը՝ «ԱԲ գործարաններ»։ Այն մտադրություններն ու ծրագրերը, որոնք ներդրողները հաստատել են կառավարության և նախարարության հետ, ստիպում են մեզ մտածել այն մասին, որ մենք այս ոլորտում պետք է փոխենք մեր աշխատանքների տեմպն ու ծավալը», – ասել է Փաշինյանը։


 

Leave a comment