Ինձ այնքան անգամ են հայ անվանել, որ գենետիկական թեստ հանձնեցի, և պարզվեց, որ ամբողջությամբ վրացի եմ. Սահակաշվիլի

2026 թվականի հոկտեմբերի 12-ին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացած դատական նիստի ընթացքում կրկին անդրադարձել է իր էթնիկ ծագման հարցին։ Նա հայտարարել է, որ մի քանի տարի առաջ որոշել է գենետիկական հետազոտություն անցնել՝ իր ենթադրյալ հայկական արմատների մասին բազմիցս հնչած պնդումներից հետո։

«Մի քանի տարի առաջ ես գենետիկական թեստ հանձնեցի։ Ինձ այնքան անգամ են հայ անվանել, որ թեստ հանձնեցի, և պարզվեց, որ ամբողջությամբ վրացի եմ։ Բայց սա էթնիկ հարց չէ», — հայտարարել է Սահակաշվիլին։

Սակայն Միխեիլ Սահակաշվիլին նման հայտարարություն առաջին անգամը չէ, որ անում է։

Դեռևս 2019 թվականի փետրվարի 17-ին նախկին նախագահը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում գենետիկական հետազոտություն է անցել՝ իր նախնիների ծագումը պարզելու նպատակով։

Այն ժամանակ Սահակաշվիլին հայտարարել էր, որ թեստի արդյունքների համաձայն՝ իր ծագումը գրեթե 99 տոկոսով վրացական է, իսկ մոտավորապես 1 տոկոսով՝ հունական։

Նրա խոսքով՝ հետազոտությունը տարածաշրջանի այլ ժողովուրդների հետ գենետիկական համընկնումներ չի բացահայտել։ Սահակաշվիլին պնդել էր, որ դարեր շարունակ իր նախնիներն ամուսնացել են բացառապես վրացիների հետ, և ինքն առաջինն է խախտել այդ ավանդույթը՝ ամուսնանալով եվրոպուհու հետ։

Նույն հրապարակման մեջ Սահակաշվիլին ընդգծել էր, որ հարգում է հարևան ժողովուրդներին և Վրաստանի բոլոր հայրենասերներին՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից։ Միաժամանակ նա առաջարկել էր նմանատիպ գենետիկական հետազոտություն անցնել նաև նրանց, ովքեր բազմիցս իրեն այլ էթնիկ ծագում էին վերագրել։

Գենետիկական հետազոտության արդյունքների մասին տեղեկությունները հիմնված են անձամբ Միխեիլ Սահակաշվիլիի հայտարարությունների վրա։ Հետազոտության արդյունքների անկախ հաստատում չկա։

Աղբյուրը՝ Vector News

 

Leave a comment