Օգոստոսի 18-ից սեպտեմբերի 1-ը մոտ 400 տոննա թզի և 3000 տոննա դեղձի մթերման համար նախատեսվել է տրամադրել մոտ 425 մլն դրամ փոխհատուցում, հայտնում է Sputnik Արմենիան։
Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։ Սահմանվել է, որ փոխհատուցումը տրամադրվելու է հետևյալ սկզբունքով՝
- վերամշակման նպատակով Սյունիքի մարզից մինչև 400 տոննա մթերվող թզի յուրաքանչյուր 1 կգ-ի համար նախատեսվել է 125 դրամ,
- վերամշակման նպատակով ՀՀ տարածքից մթերվող դեղձի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց՝ 125 դրամ։
Կառավարությունը կանխատեսել է, որ այս տարի սպասվում է թզի և դեղձի առատ բերք, ինչի հետևանքով իրացման խնդիր է առաջանալու։ Բացի այդ, արտահանման երկար լոգիստիկ երթուղիները, ինչպես նաև ԵՄ շուկաներում թուրքական, ուզբեկական և տաջիկական չոր մրգերի՝ շուրջ 2 դոլար ավելի ցածր գնով վաճառքը ՀՀ կառավարությանը մղել են այս մրգերի մթերումն իրականացնել Հայաստանի տարածքում։
Որոշման մեջ նաև արձանագրվել է, որ պետական փոխհատուցման տրամադրումը պայմանավորված է նրանով, որ չրերի, մուրաբաների, ջեմերի, հյութերի և դեղձի խյուսի արտադրության համար թզի ու դեղձի որոշակի պահանջարկ է առկա, սակայն բարձր գնի պատճառով վերամշակման նպատակով մթերվող բերքի ծավալները փոքր են։
Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսել է սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքների մուտքը՝ սկզբում ձկան ու ծաղիկների, այնուհետև՝ միրգ-բանջարեղենի որոշ տեսակների համար։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակել է կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն ընդունված որոշումները հիմնավորել է արձանագրված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։