Բացառել եկեղեցին «հիբրիդային պայքարի հենակետ» դարձնելու փորձերը, ընտրել նոր կաթողիկոս. ՀՀ կառավարության ծրագիրը

Կառավարության ծրագրի «Հոգևոր անվտանգություն» բաժնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումը ներկայացվում է որպես «արժեքահենք հոգևոր կյանք» ունենալու անհրաժեշտ պայման։

Ծրագրում նշվում է, որ Եկեղեցու բարենորոգման օրակարգը պետք է ուղղված լինի այն «կանոնականության դաշտ բերելուն» և Եկեղեցու քաղաքականացումը բացառելուն։

Կառավարությունը նախատեսում է ապահովել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «փաստացի պետի» հեռացումը, որը ծրագրում ներկայացվում է որպես «հանգստի կոչում»։ Դրանից հետո, ըստ ծրագրի, սահմանված կարգով պետք է իրականացվի կաթողիկոսական տեղապահի ընտրությունը։

Նախատեսվում է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունում։ Դրանով, ըստ ծրագրի, պետք է սահմանվեն սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման մեխանիզմներ։

Ծրագրում նախատեսվում է նաև սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության անցկացում։

Կառավարությունը, ըստ փաստաթղթի, նախատեսում է հոգևոր ծառայողներին ներառել սոցիալական երաշխիքների պետական համակարգում և ապահովել Եկեղեցու ֆինանսավորման թափանցիկությունը։

Ծրագրում Եկեղեցու բարենորոգման անհրաժեշտությունը կապվում է նաև «հոգևոր անվտանգության» ապահովման և արտաքին ուժերի կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին «հիբրիդային պայքարի հենակետ» դարձնելու փորձերը բացառելու հետ։

Հիշեցնենք` ավելի քան  մեկ տարի է Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է Գարեգին Բ-ին հեռացնելու մտադրության` նրա հասցեին հնչեցնելով մի շարք մեղադրանքներ։ Մայր Աթոռը վարչապետի և իշխանությունների քայլերը որակում է որպես միջամտություն եկեղեցու ներքին գործերին։

Նշենք, որ Գարեգին Բ-ն անցնում է նաև քրեական գործով։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment