Unitree Robotics-ի բաժնետոմսերը օրերս առևտրային նստաշրջանը փակել են սկզբնական գնից ավելի քան 460% բարձր մակարդակում՝ մարդանման ռոբոտների չինական արտադրողի՝ Շանհայի ֆոնդային բորսա դուրս գալուց հետո։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։ Մինչ այդ, CNBC-ի տվյալներով, բաժնետոմսերը թանկացել էին գրեթե 630%-ով, սակայն հետագայում աճը մասամբ կորցրել էին և առևտուրը փակել 845 յուան (մոտ 125 դոլար) մակարդակում։
Հանչժոուում գործող ռոբոտ արտադրողը, որի՝ հետադարձ սալտո կատարելու և պարելու ունակ մեքենաները գրավել են համաշխարհային ուշադրությունը, IPO-ի ընթացքում ներգրավել է մոտ 6.1 մլրդ յուան (905 մլն դոլար), ասվում է ընկերության ազդագրում։
IPO-ին աջակցել է նաև չինական DeepSeek-ը, որը ներդրել է մոտ 140.8 մլն յուան, վկայում են ընկերության փաստաթղթերը։ Unitree-ի ներդրողների թվում է նաև չինական տեխնոլոգիական հսկա Tencent-ը։
Unitree-ի արտադրատեսականին ներառում է երկոտանի մարդանման ռոբոտներ, որոնք կարող են քայլել և ճկուն ձեռքերի միջոցով մանիպուլացնել առարկաները, ինչպես նաև չորքոտանի ռոբոտներ, որոնք օգտագործվում են այնպիսի առաջադրանքների համար, ինչպիսին է վտանգների հայտնաբերումը։
Բորսայական ցուցակմանը ընդառաջ՝ Unitree-ն երկուշաբթի ներկայացրել է «Սուպերմեն» անունով նոր մարդանման ռոբոտ, որը, մշակողների խոսքով, կարող է կանգնած դիրքից ցատկել երկու մետր բարձրության վրա և վազել մինչև 12.66 մ/վ արագությամբ։
Unitree-ն դարձել է վերջին ազդեցիկ չինական տեխնոլոգիական ընկերությունը, որը դուրս է եկել Շանհայի STAR Market հարթակ՝ հիշողության չիպեր արտադրող CXMT-ից հետո։ CNBC-ի տվյալներով՝ CXMT-ի բաժնետոմսերն անցած ամիս առևտրի առաջին օրը թանկացել էին 466%-ով։
Հունիսին Morgan Stanley-ն գնահատել էր, որ Չինաստանի մարդանման ռոբոտների շուկայի ծավալն այս տարվա 2 մլրդ դոլարից մինչև 2030 թվականը կհասնի 15 մլրդ դոլարի։