Հայաստանում վարորդական իրավունքի վկայականի քննություն հանձնել հնարավոր կլինի միայն ավտոդպրոցում կրթություն ստանալուց հետո

Վարորդական իրավունքի քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը կլինի պարտադիր


ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 18-ին ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է ավտոդպրոցում վարորդական կրթությունը պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը։


Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։


Առաջարկին դրական արձագանքած ոլորտի ներկայացուցիչներն ընդգծել են, որ պարտադիր ուսուցումը կարող է նպաստել ապագա վարորդների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարելավմանը։

Քննարկման առանցքում էին վարորդական իրավունքի տրամադրման գործող համակարգի կատարելագործման, հաշվառման-քննական ծառայությունների արդյունավետության բարձրացման և ոլորտային գործընթացների՝ միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցերը։

Սարգսյանն ընդգծել է, որ կրթական բաղադրիչի խթանումը անվտանգային մշակույթի ձևավորման առանցքային ուղղություններից է:

Նա նշել է, որ նախատեսվող բարեփոխումների նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումն է՝ ձևավորել այնպիսի կրթական համակարգ, որը կապահովի ոչ միայն տեսական քննությունը հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքների փոխանցումը, այլև ապագա վարորդների անվտանգ և պատասխանատու վարքագծի ձևավորումը։

Մտքեր են փոխանակվել նաև վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի վերաբերյալ։ Ավտոդպրոցների ներկայացուցիչները կիսվել են միջազգային փորձով՝ առաջարկել ընդլայնել տեսական քննության հարցաշարերը, մշակել միասնական ուսումնական ձեռնարկ։

Սարգսյանը նշել է, որ ՆԳ նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակելու է ինտենսիվ քննարկումները շահագրգիռ կողմերի հետ՝ նպատակ ունենալով ձևավորել առավել արդյունավետ, մասնագիտական և անվտանգ վարորդական կրթության համակարգ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մասնագիտական քննարկումները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա վերջնական լուծումներ մշակելու նպատակով։

Leave a comment