Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է չտարածել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է լրատվամիջոցներին և սոցիալական ցանցերի էջերին ձեռնպահ մնալ Երևանում առանց ծնողական խնամքի հայտնաբերված նորածնի դեմքը բաց ցուցադրող լուսանկարների, տեսանյութերի և նրան նույնականացնելու հնարավորություն տվող այլ տվյալների տարածումից։ Գործակալությունը շեշտում է, որ երեխայի անձնական տվյալները հրապարակելիս առաջնային պետք է լինի նրա լավագույն շահը։

«Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ուշադրության կենտրոնում է հայտնվել օրեր առաջ Երևանում առանց ծնողական խնամքի հայտնաբերված նորածին երեխայի վերաբերյալ տարբեր հարթակներում տարածվող տեղեկատվությունը։

Գործակալությունը բարձր է գնահատում երեխային անհրաժեշտ բուժօգնություն և խնամք տրամադրող մասնագետների ու իրավասու մարմինների աշխատանքը։ Միաժամանակ հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ դեպքի վերաբերյալ մի շարք հրապարակումներում տարածվել են երեխայի լուսանկարներն ու տեսանյութերը՝ առանց նրա դեմքն անճանաչելի դարձնելու, իսկ հետագայում հրապարակվել են նաև երեխային նույնականացնելու հնարավորություն տվող այլ տեղեկություններ։

Նորածնի հայտնաբերման պատմությունը հասկանալիորեն առաջացրել է հանրային մեծ հետաքրքրություն, իսկ դեպքի վերաբերյալ հանրությանը տեղեկացնելն ունի իրավաչափ նպատակ։ Սակայն հանրային հետաքրքրությունը և դեպքի լուսաբանման անհրաժեշտությունն ինքնին չեն վերացնում անձնական տվյալների պաշտպանության պահանջները։

Երեխայի լուսանկարը կամ տեսապատկերը անձնական տվյալ է, իսկ երեխայի վերաբերյալ տվյալներ մշակելիս անհրաժեշտ է ցուցաբերել առանձնահատուկ զգուշություն՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահով և անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքով։ Յուրաքանչյուր հրապարակող պետք է գնահատի՝ ինչ տվյալների հրապարակումն է իրականում անհրաժեշտ, ինչ ծավալով և որքան ժամանակով, և արդյոք նույն նպատակին հնարավոր չէ հասնել երեխայի իրավունքներին ավելի քիչ միջամտող եղանակով։

Գործակալությունը գտնում է, որ տվյալ դեպքում դեպքի էության, երեխայի վիճակի և նրա նկատմամբ իրականացվող խնամքի մասին հանրությանը հնարավոր է տեղեկացնել նաև առանց երեխայի դեմքը բաց ցուցադրելու կամ նրան նույնականացնելու հնարավորություն տվող այլ տվյալներ հրապարակելու։

Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրում լրատվամիջոցների, սոցիալական ցանցերում գործող էջերի և այլ անձանց կողմից երեխայի անձնական տվյալների հետագա տարածման վրա։

Երեխայի լուսանկարի, տեսանյութի կամ այլ անձնական տվյալի՝ պետական մարմնի, բուժհաստատության, լրատվամիջոցի կամ այլ աղբյուրի կողմից արդեն հրապարակված լինելը չի նշանակում, որ այն կարող է ազատ և անսահմանափակ կերպով վերարտադրվել և տարածվել։ Յուրաքանչյուր հետագա հրապարակում անձնական տվյալների մշակման առանձին գործողություն է, և սկզբնաղբյուրում տվյալն արդեն հրապարակված լինելը հետագա տարածողին չի ազատում դրա անհրաժեշտությունն ու համաչափությունն ինքնուրույն գնահատելուց։

Նույն զգուշավորությունն անհրաժեշտ է երեխայի ծնողների, ծագման և ընտանեկան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ որոնելիս և հրապարակելիս։ Նման լրացուցիչ տվյալները կարող են հետագայում նպաստել երեխայի նույնականացմանը և առնչվել նրա մասնավոր ու ընտանեկան կյանքի, իսկ համապատասխան դեպքում՝ նաև որդեգրման գաղտնիության պահպանմանը։

Պետք է նաև նկատի ունենալ, որ թվային միջավայրում հրապարակված տեղեկությունները կարող են պահպանվել և վերարտադրվել տարիներ շարունակ։ Երեխայի ներկայիս խոցելի իրավիճակը չպետք է ստեղծի մշտապես հասանելի թվային հետք, որի միջոցով տարիներ անց հնարավոր կլինի նույնականացնել նրան և կապել կյանքի առաջին օրերի խիստ անձնական հանգամանքների հետ։

Ուստի Գործակալությունը հորդորում է լրատվամիջոցներին, սոցիալական ցանցերում գործող էջերին և այլ անձանց ձեռնպահ մնալ երեխայի դեմքը բաց ցուցադրող լուսանկարների ու տեսանյութերի և այլ անհարկի նույնականացնող տվյալների հետագա տարածումից։ Արդեն հրապարակված նյութերի դեպքում հորդորում ենք անճանաչելի դարձնել երեխայի դեմքը և հեռացնել այն տվյալները, որոնց հրապարակումն անհրաժեշտ չէ հանրությանը դեպքի մասին տեղեկացնելու համար։

Երեխայի լավագույն շահը պետք է առաջնային լինի նրա անձնական տվյալների ինչպես սկզբնական հրապարակման, այնպես էլ յուրաքանչյուր հետագա տարածման ժամանակ։

Նշված հարցի առնչությամբ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը համագործակցում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ և ողջունում է Պաշտպանի կողմից արտահայտված համանման դիրքորոշումը՝ երեխայի լավագույն շահի և նրա անձնական տվյալների պաշտպանության առաջնահերթության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment