Օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊ
ՄԻՊ հայտարարությունը․
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում:
Դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է իրավասու պետական մարմինների և բժշկական կազմակերպությունների կողմից ձեռնարկված քայլերը, այդ թվում՝ երեխայի պաշտպանության, բժշկական օգնության և աջակցության ապահովման ուղղությամբ։
Միաժամանակ, Պաշտպանը մտահոգիչ է համարում վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական մեդիայի հարթակներով երեխայի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում։ Հետագայում այլ հրապարակմամբ հանրայնացվել է նաև երեխային տրված անունը, որի արդյունքում հանրությանը հասանելի են դարձել երեխային նույնականացնելու հնարավորություն տվող լրացուցիչ տվյալներ։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ հատկապես նման խոցելի իրավիճակում գտնվող երեխայի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման և տարածման յուրաքանչյուր դեպք պետք է գնահատվի երեխայի լավագույն շահի տեսանկյունից, իսկ հանրային նշանակություն ունեցող հարցերի լուսաբանման ընթացքում երեխայի լավագույն շահը պետք է ունենա առաջնահերթություն։
Պաշտպանը կարևոր է համարում նաև, որ երեխայի լուսանկարների և նրան նույնականացնող այլ տվյալների հրապարակման կամ տարածման դեպքում ապահովվի անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքը՝ այդ գործընթացում գնահատելով ոչ միայն տեղեկատվության հրապարակման հանրային նշանակությունը, այլև դրա հնարավոր ազդեցությունը երեխայի հետագա կյանքի վրա: Այս հանգամանքն անհրաժեշտ է` նկատի ունենալով, որ նշված բոլոր տվյալները հնարավորություն են տալու ապագայում նույնականացնելու անձին և նրա խոցելի վիճակը։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ երեխայի վերաբերյալ տեղեկատվության տարածման հնարավոր հետևանքները պետք է դիտարկվեն ոչ միայն տվյալ պահին, այլև երեխայի հետագա կյանքի համատեքստում։