Firebird AI-ի գործունեության վերաբերյալ տարածվող պնդումները չեն համապատասխանում իրականությանը և չունեն որևէ փաստական հիմնավորում, հայտնել են ընկերությունից՝ ըստ ամենայնի, պատասխանելով ՌԴ Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովի հայտարարություններին, գրում է Factor.am-ը:
«Firebird AI-ն տեխնոլոգիական ընկերություն է, որը կառուցում և շահագործում է արհեստական բանականության համար նախատեսված բարձր արտադրողականությամբ հաշվարկային ենթակառուցվածքներ։ Ընկերությանը տրամադրված ԱՄՆ արտահանման լիցենզիան սահմանափակում է այդ հաշվարկային հզորությունների օգտագործումը բացառապես քաղաքացիական նպատակներով։
Նման պնդումները վկայում են արհեստական բանականության հաշվարկային ենթակառուցվածքների աշխատանքի սկզբունքների սխալ ընկալման մասին։ Այս ծառայությունների աշխարհագրական տեղակայությունն ինքնին չի որոշում դրանց օգտագործման բնույթը կամ նպատակը»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը մտահոգություններ էր հայտնել նմանատիպ հաշվարկային կենտրոնների հնարավոր կիրառության վերաբերյալ:
Շևցովն ասել էր․ «Նման կենտրոնները կարող են օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների շահերից բխող վերլուծական և հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար, այդ թվում՝ Իրանի, Ռուսաստանի, ինչպես նաև Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ»։
Ռուս պաշտոնյան նաև պնդել էր, որ Firebird ընկերության գործունեությունը կարգավորվում է ԱՄՆ օրենսդրությամբ, ինչի հետևանքով ամերիկյան հատուկ ծառայությունները կարող են մուտք ունենալ ընկերության սերվերներում մշակվող ամբողջ տեղեկատվությանը։
«Սա նշանակում է, որ հայկական պետական կառույցների, ընկերությունների և քաղաքացիների տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց Հայաստանի իշխանությունների համաձայնության»,- հայտարարել էր Շևցովը։
Ավելի վաղ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն անլուրջ էր գնահատել ռուսական հեռուստաալիքներով Firebird AI գործարանը հետախուզական համարելու վերաբերյալ հնչած պնդումները։
2026 թվականի օգոստոսի 8-ին Հրազդան քաղաքում պաշտոնապես բացվել է Firebird AI ընկերության արհեստական բանականության (ԱԲ) առաջին գործարանը, որը տարածաշրջանում նմանատիպ խոշորագույն կենտրոններից է: Գործարկվել է ավելի քան 6,000 (6,144) NVIDIA Blackwell B200 / B300 գրաֆիկական պրոցեսոր (GPU)։ Առաջին փուլում ներդրվել է մոտ 500 միլիոն դոլար։Ամբողջական ծրագրի ավարտից հետո Հայաստանում Firebird-ի ենթակառուցվածքում կգործի ավելի քան 100,000 բարձր արտադրողականությամբ GPU: