Տավուշ Արամազդ Ղալամքարյանի այցի ընթացքում ամփոփվել են մարզի ջրային տնտեսության առաջնահերթ խնդիրները

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը Տավուշի մարզում երկօրյա այցի շրջանակում ծանոթացել են մարզի ջրային տնտեսության առաջնահերթ խնդիրներին, առկա ենթակառուցվածքների վիճակին և դրանց բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Այցի երկրորդ օրը մեկնարկել է «Տավուշ» ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) Նոյեմբերյանի տեղամասի գրասենյակում աշխատանքային խորհրդակցությամբ, որին ներկա են եղել «Տավուշ» ՋՕԸ-ի տնօրեն Ռոման Ահարոնյանը, տեղամասի պատասխանատու Հայրապետ Առուստամայանն ու Ընկերության մի շարք աշխատակիցներ։

Այնուհետև Նոյեմբերյանի շրջանում ՋԿ ղեկավար կազմն այցելել է «Զեյթուն-Հաղթանակ» և «Զեյթուն 1» պոմպակայաններ, ինչպես նաև հայ-վրացական սահմանային գծի հարակից հատվածով անցնող ջրանցք։ Տեղում ուսումնասիրվել են ջրանցքի վնասված հատվածները, քննարկվել դրանց վերականգնման և խնդրի հրատապ լուծման հնարավոր տարբերակները։

Շրջայցի ընթացքում ուսումնասիրվել է նաև Դեբեդավանի մայր ջրանցքը, մասնավորապես՝ կոլեկտորադրենաժային հատվածները, ինչպես նաև Բերդավանի նորակառույց պոմպակայանը։

Ջրային կոմիտեի ղեկավար կազմն այցելել է նաև «Gardenia Lebanese Farms» տնտեսություն, որտեղ ծանոթացել է սոճու ընկույզի, մայրու ընկույզի (փիճի), պեկան ընկույզի, շագանակի և իտալական ընկույզի մշակությանը։ Տեղում քննարկվել են նաև հողերի նպատակային խոշորացման գործընթացի համատեքստում գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ օգտագործման, ոռոգման հնարավորությունների ընդլայնման և գյուղատնտեսական արտադրության զարգացման հեռանկարները։

Մարզային այցի ընթացքում ամփոփվել են Տավուշի մարզի ջրային տնտեսության առաջնահերթ խնդիրները, այդ թվում՝ ջրային ենթակառուցվածքների վերականգնման, ջրամբարների անվտանգության մակարդակի բարձրացման, ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման և գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման ուղղությունները, նախանշվել են դրանց լուծման հետագա քայլերը։

Ջրային կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment