ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրուցում անդրադարձավ Հայաստանի ու ՀԱՊԿ հարաբերություններում առկա խնդիրներին։
ՀԱՊԿ-ում Հայաստանից ակնկալում են պարտականությունների կատարում, հակառակ դեպքում սպառնում են ձայնի իրավունքից զրկել, այնինչ Հայաստանն է դժգոհ, որ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել։ Անդրադառնալով այս հարցերին՝ Էդգար Ղազարյանն ասաց․ «Այս պահին միայն անդամավճարի հարցը չէ՝ Հայաստանն անդամավճարը չի վճարում, ՀԱՊԿ զորավարժություններին չի մասնակցում, Հայաստանը չի հյուրընկալում պլանավորված զորավարժությունները, Հայաստանն իր դեսպանին հետ է կանչում ՀԱՊԿ-ից, Հայաստանը հրաժարվել է գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ Այսինքն՝ հայտարարում են, որ իրենք սառեցրել են հարաբերություններն այդ կազմակերպության հետ, մի ռեժիմ, որը ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում։ Այսինքն՝ անդամ երկիրը կազմակերպությանը դրել է անհասկանալի իրավիճակում։ Եթե դժգոհ եք ՀԱՊԿ-ից, բա ինչո՞ւ դուրս չեք գալիս, դիմում ներկայացրեք։ Դա էլ չեն անում։ Այսինքն՝ անհասկանալի իրավիճակ են ստեղծում, ճգնաժամ են ստեղծում»։
Նա նշեց՝ Հայաստանն իր պատմության մեջ ՀԱՊԿ-ին դիմել է ընդամենը մեկ անգամ, դա եղել է 2022 թվականի սեպտեմբերին՝ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։ «Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այդ ժամանակ ՀԱԿՊ-ը նախագահող երկիրը Հայաստանն էր։ Այսինքն՝ Հայաստանը, երբ որ դիմել էր ՀԱՊԿ-ին, դիմել էր նախագահող Նիկոլ Փաշինյանին։ ՀԱՊԿ-ին դիմելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հրավիրվել է ՀԱՊԿ հեռավար նիստ, որն ինքն է նախագահել։ Եվ ինքը գոհունակություն էր հայտնել ՀԱՊԿ խորհրդի նիստից, որի հաջորդ օրը Հայաստան է ժամանել ՀԱՊԿ զինված ուժերի շտաբի ղեկավարը, իսկ սեպտեմբերի 19-ին Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Նպատակը եղել է այն, որ գնահատվեն Հայաստանի կարողությունները, պահանջները, որ ըստ այդմ մշակվի առաջարկությունների փաթեթ՝ Հայաստանին օգնություն տրամադրելու համար։ Ստանիսլավ Զասին Հայաստանում ամենաբարձր պաշտոնյան, որն ընդունել է, եղել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետը։ Վարչապետը չի ընդունել, ԱԳ նախարարը չի ընդունել, պաշտպանության նախարարը չի ընդունել, մեկ էլ ընդունել է Ջերմուկի քաղաքապետը»,- ասաց նա։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, որ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները՝ Էդգար Ղազարյանն ասաց․ «ՀԱՊԿ-ը ո՞նց պետք է ճանաչի Հայաստանի սահմանները, եթե Հայաստանը չի ճանաչում իր սահմանները»: Հարցին՝ ի՞նչ սահմաններով է Հայաստանն անդամագրվել ՀԱՊԿ-ին, Ղազարյանը պատասխանեց՝ Անկախության հռչակարգով։ «ՀԱՊԿ-ի կանոնադրության նախաբանը որ նայեք, ասում է՝ անկախ պետությունները, որոնք գործում են իրենց հռչակագրերով, ստեղծում են այս կազմակերպությունը։ Հիմա դուք ասում եք՝ ՀԱՊԿ-ը չի ճանաչում Հայաստանի սահմանները, Հայաստանը գիտի՞ իր սահմանները»։
Մանմասները՝ տեսանյութում.
Անդրադառնալով Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ ընդդիմության մասին արած հայտարարությանը, Էդգար Ղազարյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը Հայաստանի անվտանգության սպառնալիքն է՝ իր գործունեությամբ ու կարգավիճակով»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: