Հայաստան–Սփյուռք համագործակցության ամրապնդման և պատմական տեղեկատվական պատերազմի դեմ համակարգված արձագանքի մասին

Ես՝ Անահիտ Ասատրյանս, Շվեդիայի (ARS)  հայկական կազմակերպությունների համակարգող կենտրոնի տնօրեն, ցանկանում եմ բարձրաձայնել մի գործընթացի մասին, որն, իմ համոզմամբ, այլևս չի կարելի անտեսել։

Հատկանշական է, որ 2023 թվականից Հայաստանում սկսվեց պատմության նոր դասագրքերի փուլային ներդրումը, որը շարունակվեց նաև 2024–2025 թվականներին։ Նույն ժամանակահատվածում մենք սկսեցինք ավելի ու ավելի հաճախ տեսնել Ադրբեջանի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի պատմության վերաբերյալ միակողմանի և մոլորեցնող պատմական թեզերի միջազգային տարածում։

Ես չեմ պնդում, որ այս երկու գործընթացների միջև ուղղակի կապն արդեն ապացուցված է։ Սակայն ժամանակային այս զուգահեռը և Ադրբեջանի կողմից վերջին տարիներին իրականացվող համակարգված տեղեկատվական գործունեությունը պետք է լրջորեն ուսումնասիրվեն Հայաստանի պետական կառույցների կողմից։

Այսօր նման թեզերը տարածվում են Եվրոպայի տարբեր երկրներում և ԱՄՆ-ում՝ համաժողովների, դասախոսությունների, գրքերի և այլ միջոցառումների միջոցով։ Ստոկհոլմում վերջերս տեղի ունեցած «Իրևան – իմ սրտում ապրող հայրենիք» գրքի շնորհանդեսը ևս մեկ ազդանշան է, որ այս աշխատանքը շարունակվում է նաև 2026 թվականին։

Սա այլևս միայն պատմության հարց չէ։ Սա տեղեկատվական անվտանգության և մեր ազգային ինքնության պաշտպանության հարց է։

Այդ պատճառով ակնկալում եմ, որ Հայաստանի կառավարությունը և համապատասխան պետական կառույցները այս գործընթացին կմոտենան որպես ռազմավարական առաջնահերթության և կձեռնարկեն համակարգված քայլեր։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է էապես ամրապնդել Հայաստան–Սփյուռք համագործակցությունը, հատկապես այն երկրներում, որտեղ նման տեղեկատվական գործընթացները տեղի են ունենում։ Շվեդիայի հայկական համայնքը պատրաստ է համագործակցել Հայաստանի պետական կառույցների, պատմաբանների, գիտական շրջանակների և այլ մասնագետների հետ՝ փաստերի և վստահելի աղբյուրների հիման վրա։

Մենք չենք կարող թույլ տալ, որ ուրիշները ձևավորեն միջազգային հանրության պատկերացումը մեր պատմության մասին՝ մինչ մենք լռում ենք։

Սփյուռքը պատրաստ է իր բաժին պատասխանատվությունը ստանձնել։ Այժմ ակնկալում ենք նույնքան հստակ և համակարգված քայլ Հայաստանի Հանրապետությունից։

Անահիտ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment