«Զվարթնոց»-ը ոչ միայն արժևորում է մեր ժառանգությունը, այլև փորձում է այն հասանելի ու հարազատ դարձնել նոր սերնդին

ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հովանու ներքո գործող բազմաթիվ կրթական, բարեսիրական և մշակութային կառույցներ տասնամյակներ շարունակ իրենց նպաստն են բերում ազգային ու եկեղեցական կյանքի զորացմանը։ Դրանց շարքում առանձնահատուկ տեղ ունի «Զվարթնոց» մշակութային միությունը, որը հիմնադրվել է 2011 թվականի հուլիսին՝ համայնքում ճանաչված ու հարգված բժիշկ և մտավորական դոկտ. Սիմոն Սիմոնյանի նախաձեռնությամբ ու գլխավորությամբ։

Միության ստեղծման հիմքում դրված գաղափարը նոր չէր հայ իրականության համար։ Այն իր ակունքներով հասնում էր Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախներում ձևավորված մի գեղեցիկ ավանդույթի։ Հայոց ցեղասպանությունից հետո հայրենազրկված և աշխարհով մեկ սփռված հայությունը շատ արագ գիտակցեց, որ օտար միջավայրում ազգային դիմագիծը պահպանելու կարևորագույն գրավականներից են եկեղեցին, դպրոցը, լեզուն և մշակութային կյանքը։ Այդ անհրաժեշտությունից ծնվեցին բազմաթիվ ակումբներ ու միություններ, որոնք Հայոց Եկեղեցու և ազգային կառույցների կողքին դարձան տարագիր ժողովրդի համախմբման օջախներ։ Դրանք այն վայրերն էին, որտեղ հայը ոչ միայն հանդիպում էր հային, այլև վերագտնում էր իրեն՝ մայրենի խոսքի, երգի, գրականության, պարի ու ավանդույթի միջոցով։

Հենց այդ ժառանգության շարունակականությունն ապահովելու նախանձախնդրությամբ էլ ձևավորվեց «Զվարթնոց»-ը։ Այն տարիների ընթացքում կարողացավ իր շուրջ համախմբել համայնքի ճանաչված մտավորականների, արվեստասերների և ազգային գործիչների, որոնք կամավոր ու անշահախնդիր ծառայությամբ իրենց ներդրումն են բերում միության աշխատանքներին։ Գրական հանդիպումները, գրքերի շնորհանդեսները, դասական համերգներն ու ազգային բնույթի այլ ձեռնարկները դարձան այն միջոցները, որոնցով «Զվարթնոց»-ը ոչ միայն արժևորում է մեր ժառանգությունը, այլև փորձում է այն հասանելի ու հարազատ դարձնել նոր սերնդին։ Դոկտ. Սիմոնյանի հետևողական և անձնվեր գործունեության շնորհիվ միությունը վաղուց արդեն իր ճանաչելի տեղն է հաստատել Արևմտյան թեմի համայնքային կյանքում։

Այս երկարամյա գործունեության ամենասիրված դրսևորումներից է «Երևանյան գիշերներ» ամենամյա ձեռնարկը, որի մտահղացումը պատկանում է միության երկարամյա անդամներ, մեծարգո Արա և Սոնյա Բաբայաններին։ Տարիների ընթացքում այն վերածվել է սպասված ավանդույթի՝ մի երեկոյի, որի խորհուրդը շատ ավելի լայն է, քան պարզապես երաժշտական կամ պարային ծրագիրը։ Այն յուրատեսակ հանդիպում է հայրենիքի հետ՝ հազարավոր մղոնների հեռավորությունից։

Պատահական չէ նաև միջոցառման վայրը։ «Երևանյան գիշերներ»-ն ավանդաբար անցկացվում է Սրբոց Ղևոնդյանց տուֆակերտ Մայր Տաճարի խորհրդավոր բակում։ Երբ երեկոն իջնում է տաճարի կամարներին, հայկական մեղեդին լցնում է շրջակայքը, իսկ ամառային մեղմ զեփյուռը սահում է ծառերի միջով, ներկան մի պահ մոռանում է աշխարհագրական հեռավորությունը։ Թվում է՝ նույն քամին անցել է Երևանի փողոցներով, իր հետ բերել հայրենի քաղաքի ջերմությունն ու կարոտը և հասել մինչև Կալիֆոռնիա։ Այդ պահին Երևանը դադարում է պարզապես քաղաքի անուն լինելուց և վերածվում է ապրումի՝ հարազատ, ջերմ ու անբացատրելիորեն մոտ։

Այս տարի այդ գեղեցիկ ավանդույթը շարունակվեց օգոստոսի 13-ին՝ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի բարձր հովանու ներքո։ Սրբազան Հոր ներկայությունն ու օրհնությունը առանձնահատուկ խորհուրդ էին հաղորդում երեկոյին։ Իր բազմամյա առաջնորդության ընթացքում Հովնան Սրբազանը, որպես իր հոտի քաջ ու հոգատար հովիվ, մշտապես զորավիգ է եղել այն նախաձեռնություններին, որոնք ամրացնում են հայ մարդու կապը Մայր Եկեղեցու, ազգային արմատների և հայրենի ժառանգության հետ։ Նրա հայրական հոգածության շնորհիվ Արևմտյան թեմը դարձել է մի հզոր ընտանիք, որտեղ եկեղեցական կյանքը բնականորեն միահյուսվում է կրթությանը, արվեստին ու ազգային ծառայությանը։ Հարկ է նշել, որ այս ամենի խորքում Հովնան Սրբազանի տասնամյակների անձնվեր հոգևոր ծառայությունն է, որի շնորհիվ նա այսօր իրավամբ վայելում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու առավել հարգված ու հեղինակավոր հոգևոր առաջնորդներից մեկի բարձր համբավը։

Երեկոն բացվեց «Զվարթնոց» մշակութային հանձնախմբի ատենապետ դոկտ. Սիմոն Սիմոնյանի ողջույնի խոսքով։ Ս․ Ղևոնդյանց մայր տաճարի հովիվ, արժանաշնորհ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանի օրհնությունից հետո  հանդիսությունը շարունակվեց հայկական ժողովրդական պարի, երաժշտության և տարազային արվեստի գունեղ համադրությամբ՝ ամբողջացնելով «Երևանյան գիշերներ»-ի բուն գաղափարը։

Ծրագրի ուշագրավ հատվածներից էր Նունե Ավետիսյանի հետաքրքրական ներկայացումը՝ նվիրված հայկական պարային տարազների պատմությանը։ Տաճարի բակում ցուցադրված ազգային հանդերձները ներկայացնում էին պատմական Հայաստանի տարբեր նահանգներն ու գավառները։ Դիտելով դրանք՝ առավել տեսանելի էր դառնում, որ հայկական տարազը երբեք պարզապես հագուստ չի եղել։ Նրա գույների, զարդանախշերի և ձևերի մեջ կարդացվում են բնակավայրի պատմությունը, ժողովրդի կենցաղը, գեղագիտական ընկալումները և նույնիսկ աշխարհայացքը։ Այդ երեկո յուրաքանչյուր տարազ կարծես լուռ պատմում էր իր ծննդավայրի մասին՝ հիշեցնելով այն Հայաստանի բազմերանգ պատկերը, որի բազմաթիվ հատվածներ այսօր մեզ հասանելի են հիշողության ու մշակութային ժառանգության միջոցով։

Տարազների այդ գունագեղ աշխարհը բնական շարունակություն ստացավ պարի մեջ։ Վարդան և Արմինե Աղաջանյանների ղեկավարությամբ «Զվարթնոց» պարախմբի երիտասարդները հանդիսատեսին ներկայացրին հայկական ժողովրդական պարեր՝ իրենց շարժումների մեջ կենդանացնելով այն ոգին, որի մասին պատմում էին ազգային հանդերձները։ Ուշագրավ է, որ պարախմբի տարազներն ու բեմական հանդերձները պատրաստվում են Վարդան Աղաջանյանի ձեռքով։ Այսպիսով, բեմում մեկ ամբողջության մեջ էին միավորվել երաժշտությունը, պարը, տարազն ու պատմությունը։

Գեղարվեստական ծրագրի ավարտին երեկոն ստացավ առավել հուզիչ ու խորհրդանշական ընթացք։ Թեմակալ առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ներկաներին փոխանցեց իր հայրական պատգամն ու օրհնությունը՝ բարձր գնահատելով «Զվարթնոց»-ի և նրա նվիրյալ անդամների բազմամյա ծառայությունը։ Սրբազան Հայրը օրհնության գիր հանձնեց նաև պարախմբի ղեկավարությանը, իսկ երիտասարդ պարողներին նվիրեց փոքրիկ խաչեր՝ հորդորելով դրանք տարիներ անց փոխանցել իրենց առաջնեկներին։

Այդ խոսքերի մեջ ամփոփված էր երեկոյի խորագույն խորհուրդը։ Այսօրվա երիտասարդին տրված փոքրիկ խաչը վաղը պիտի հասնի մեկ այլ սերնդի՝ որպես հավատքի, ընտանեկան հիշողության և ազգային պատկանելության նշան։ Այդպես անցյալը չի մնում պատմության փակ էջերում, այլ ձեռքից ձեռք է անցնում և շարունակում ապրել։ Սրբազան Հոր պատգամը հենց այդ շարունակականության գեղեցիկ խորհրդանիշն էր՝ օրհնյալ անցյալից դեպի հուսառատ ու լուսավոր ապագա։

Բեմական ծրագրին հաջորդեց երեկոյի մեկ այլ՝ ոչ պակաս հարազատ հատվածը։ Հարյուրավոր ներկաներ բոլորեցին ագապեի՝ սիրո ճաշի սեղանների շուրջ՝ շարունակելով երեկոն ջերմ զրույցներով ու հանդիպումներով։ Եվ այստեղ ևս կենդանանում էր այն հին հայկական սովորույթը, որի շնորհիվ սեղանը երբեք միայն ճաշելու վայր չի եղել։ Այն մարդկանց մերձեցնող տարածք է, որտեղ կիսվում են հացը, հիշողությունները, ուրախությունն ու բարեկամությունը։ Այսպիսով, բեմում սկսված տոնը բնականորեն շարունակվեց մարդկանց միջև՝ վերածվելով համայնքային ջերմ հանդիպման։

Ուշ երեկոյան, երբ ծրագիրն արդեն մոտենում էր ավարտին, Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի բակում դեռ հնչում էին հայկական մեղեդիները։ Մի քանի ժամ շարունակ այստեղ կողք կողքի էին հայտնվել այն ամենը, ինչով սերունդներ շարունակ հայը ճանաչել ու պահպանել է իրեն՝ եկեղեցին ու խաչը, մայրենի խոսքն ու երգը, տարազն ու պարը, միասնական սեղանն ու հայրենիքի կարոտը։

Թերևս հենց սա է «Երևանյան գիշերներ»-ի և ընդհանրապես «Զվարթնոց»-ի տարիների աշխատանքի ամենամեծ արժեքը։ Դոկտ. Սիմոն Սիմոնյանի գլխավորած միությունը, վայելելով Արևմտյան թեմի ժրաջան առաջնորդ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հայրական զորակցությունը, կարողանում է հազարավոր մղոնների հեռավորության վրա ստեղծել մի միջավայր, որտեղ հայրենիքը ոչ միայն հիշում են, այլև ապրում։

Եվ այդ երեկո Երևանը հեռու չէր։ Այն Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի բակում էր՝ հայկական մեղեդու հնչյունների, երիտասարդների պարի, ազգային տարազների գույների, Սրբազան Հոր օրհնության և մարդկանց ջերմ հայացքների մեջ։ Քանի դեռ այդ շունչը փոխանցվում է մեկ սերնդից մյուսին, հայրենիքի ճանապարհը երբեք չի կորչի, որովհետև այն ապրում է հայ մարդու հիշողության, հավատքի և սրտի մեջ։

Հովհաննես սարկավագ ԳՈՒՄՐՈՒՅԱՆ

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment