Խորհրդարանական գզվռտոցների մասին զրուցել ենք ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանի հետ:
– Ի՞նչ գնահատական կտաք ՔՊ-ական իշխանության լկտի բառապաշարին, ընդդիմադիրներին լռեցնելու ճիգերին եւ այլն: Հանրությունը դժգոհ է խորհրդարանականների կեցվածքից, եւ մարդիկ լրատվամիջոցների մեկնաբանությունների բաժնում գրում են, որ հոգնել են նման տեսարաններից եւ ԱԺ նիստերը դիտելու փոխարեն նախընտրում են սերիալներ դիտել:
– Գիտեք, ես չեմ կարծում, որ, այնուամենայնիվ, ամենակարեւոր հարցը սա է: Պատգամավորներից մեկը մի բան է ասում, մյուսը սանձարձակաբար պատասխանում է, եւ այսպես շարունակ, սակայն ես կարծում եմ, որ խնդիրը շատ ավելի խորքային է, եւ սրանք արտաքին հանգամանքներ են ընդամենը:
– Իսկ ո՞րն է խորքային խնդիրը:
– Այն, որ այս ազգը գնում է կործանման, ազգին տանում են կործանման: Վերջին ութ տարիների ընթացքում մեր ազգը իշխանության ձեռամբ կորցրել է իր նկարագիրը, մենք կորցրել ենք մեր Արցախը, կորցրել ենք մեր եկեղեցիները, եւ այսպես շարունակ:
– Այնուամենայնիվ, մենք հիմա խոսում ենք երկրի թիվ մեկ ամբիոնից հնչող զազրախոսությունների եւ պատգամավորների կեցվածքի մասին:
– Այո, բայց ամեն ինչի հիմքում պետությունն է, նրանց կեցվածքն ու բառապաշարը երրորդական հարց են:
– Այսինքն` նորմա՞լ է, որ նման ձեւով են իրենց դրսեւորում:
– Կրկնեմ նորից` ինձ համար այդ ամենը երրորդական հարց է, անգամ երկրորդական էլ չէ: Ինձ համար առաջնային խնդիրն այն է, որ մեր ազգը գնում է կործանման: Իսկ եթե մեզ տանում են կործանման, բայց միեւնույն ժամանակ ներողություն խնդրեն, դրանից ի՞նչ կփոխվի: Պետք է լուծել այս կարեւոր, հիմնական հարցերը, հետո նոր մտածել մյուս հարցերի մասին:
– Իսկ երկրորդ կարեւոր խնդիրը ո՞րն է Ձեզ համար: Առաջինն ու երրորդը հասկացանք:
– Երկրորդն էլ կործանման ընկալումն է իշխանության եւ քաղաքական էլիտայի կողմից: Եթե կարեւոր հարցերը լուծված չեն, ջհանդամը, թե ինչ են ասում:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: