«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի հարցին ի պատասխան պնդեց, որ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ խմբակցության պատգամավորների օգնականները նիստերի դահլիճ մտնելու միտում չեն ունեցել։
Մեր դիտարկմանը՝ եթե նման միտում չկար, ապա ինչո՞ւ էին նրանք շարժվում նիստերի դահլիճի ուղղությամբ, Աբրահամյանը պատասխանեց, որ անհրաժեշտության դեպքում նրանք կարող էին ներս մտնել, սակայն նման ցանկություն չի եղել։
«Կրկնում եմ՝ եթե նման միտում լիներ, համապատասխան, այսպես ասած, ցանկության պարագայում հնարավոր կլիներ մտնել, բայց ես կրկնում եմ՝ նման միտում չի եղել, այս պնդումը իրականությանը չի համապատասխանում»,- ասաց պատգամավորը։
Աբրահամյանը նաև նշեց, որ խմբակցությունը պատրաստ է անհրաժեշտ տեղեկություններ և պարզաբանումներ ներկայացնել։
Պատգամավորը հաստատեց նաև, որ տեսագրությունում երևացող անձինք «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներն են, ոչ թե անվտանգության աշխատակիցներ։
«Այդ անձինք օգնականներ են և այստեղ են մեր պատգամավորների բնականոն աշխատանքը ապահովելու համար»,- ասաց Աբրահամյանը։
Անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին և իրենց խմբակցության պատգամավորների վարքագծին, քարտուղարը նշեց, որ նման միջադեպերի կրկնությունն անթույլատրելի է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին իրավիճակը նիստերի դահլիճում լարվել էր, երբ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը անջատել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի խոսափողը՝ նշելով, որ նա օրակարգից չի խոսում։ Դրանից հետո դահլիճում հնչել էին գոռգոռոցներ, պատգամավորների միջև սկսվել էր հրմշտոց ու քաշքշուկ։ Ռուբեն Ռուբինյանը ընդմիջում էր հայտարարել և նիստերի դահլիճ հրավիրել անվտանգության աշխատակիցներին։
Միջադեպից հետո Ռուբինյանը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականները փորձել են մուտք գործել ԱԺ նիստերի դահլիճ, և այդ հանգամանքը քննության առարկա կդառնա։
Միջանցքի տեսախցիկների տեսագրությունը տարածել էր իշխանական Civic.am-ը և գրել․ «Ինչպե՞ս են «Ուժեղ Հայաստանի» ախրանիկ-օգնականները փորձում ներխուժել ԱԺ նիստերի դահլիճ»։ ԱԺ-ից հայտնել են, որ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածք։
Նրանց նկատմամբ կարգապահական վարույթ է նախաձեռնվել՝ նիստերի դահլիճ ներխուժելու փորձերի, ինչպես նաև ԱԺ տարածքում անկարգություններ հրահրելու դեպքերի առնչությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան