Տեր Զարեհ Աշուրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Բռնակալ և մարդատյաց Հուդան՝ ոմն Արման Սարոյան, Սուրբ Էջմիածնին մեղադրում է բռնատիրության և սիրո պակասի մեջ.
Իշխանական լրատվականները 24/7 ռեժիմով մաղձ ու զրպարտություններ են լցնում Եկեղեցու, Հայոց Հայրապետի ու հոգևոր դասի հասցեին։ Այս առնետավազքում իր յուրահատուկ տեղն է զբաղեցնում նաև Արման Սարոյանը, ով տիրադավության բացառիկ «լուծն» առել է իր ուսերին ու ասում է գրեթե այն ամենը, ինչ հնարավոր է ասել՝ առանց անգամ վերլուծելու իր խոսքերը։ Արդյունքում բամբասկոտ, չարաբարբառ, մարդատյաց, լկտի ստախոս, խառնակիչ և կարող եմ մարդկանցից երբևէ լսած էլ ավելի բնութագրող պնդումներ անել իր հասցեին, բայց այսքանով առայժմ սահմանափակվենք։
Հուդայի մերօրյա դասական օրինակն այնպիսի վեհ գաղափարներից է խոսում, որ իրեն չճանաչողները կարող են նույնիսկ ասել՝ այս «անմեղության» մարմնացումն ինչո՞ւ կարգալույծ արվեց, ափսո՛ս էր։ Բայց իրականությունը բոլորովին այլ է։
Անցյալ օրը նկատեցի, որ Սարոյանը իշխանական Civic․am կոչվող կայքում երկար-բարակ հարցազրույց է տվել, ու շուրջ 45 րոպե ինքն իրեն արդարացնելու մի ամբողջ փառատոն էր կազմակերպել։ Թե բա՝ «ես Եկեղեցին սիրում եմ», «այս կղերապետական մտածողությունն է մեղավոր…»։ Եկեղեցու կառավարման վերաբերյալ ինչ-որ անհայտ, անհեթեթ ու տգետ պնդումներ էր անում։ Կարճ ասած՝ փորձում էր իրեն պատվեր տվողների աչքին հաղթող երևալ՝ նորանոր անգրագետ թեզեր առաջ քաշելով։
Բայց ավելի հետաքրքիր էր այն հանգամանքը, որ Սարոյանը, իր հուդայական արարքները «մաքրելու» ճանապարհին, արդարացնող տոնով մի պնդում է անում, թե ինքը գնացել է այդ քայլին (նկատի ունի տիրադավ է դարձել), որովհետև Եկեղեցում սիրո միջավայրը դարձել է բռնության միջավայր։
Մի պահ կարծեցի, թե սա հերթական այն միտքն է, որը հետո պետք է հերքի ու ասի՝ «ես այդ նկատի չեմ ունեցել»։ Բայց չէ՛․ նա նույն միտքը կրկնում է երկու անգամ։
Զարմանալի է, բայց Սարոյանն ու «սիրո մթնոլորտ» արտահայտությունը մոտավորապես այնքան են իրարից հեռու, որքան Փաշինյանը՝ Արարատ լեռից, կամ ՔՊ-ականները՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց։
Այս մասին խոսում է մի մարդ, ում եկեղեցական պաշտոնավարման գրեթե բոլոր տարիներն անցել են բառի բուն իմաստով բռնության մթնոլորտում։ Ասածներս, ի տարբերություն Սարոյանի երևակայական պատմությունների, մտացածին չեն, այլ փաստագրված են։ Պարզվում է՝ սիրո այս մեծ «քաջամարտիկը» պարզապես մոռացել է իր անցյալը։ Բայց եկեք նայենք հարցին թվերով և փաստերով և տեսնենք, թե այդ ի՞նչ «սիրո դրսևորումներ» է ունեցել Սարոյանը։
Այսպես՝ Սարոյանը 2008-2010 թթ. եղել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ։ 2010-2012 թթ. եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ, իսկ 2012-2019 թթ.՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրագույն ուսումնական հաստատությունների վերատեսուչ։
Այսինքն՝ ավելի քան մեկ տասնամյակ կրթական հաստատություններում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձի պաշտոնավարման ընթացքում ճեմարաններում արձանագրվել են ռեկորդային թվով սաների հեռացումներ։ Սակայն ուշագրավը 2008թ. դեպքն է, երբ Վազգենյան դպրանոցի սաները, չդիմանալով Սարոյանի բռնատիրական մոտեցումներին, պարզապես ամբողջ ճեմարանով լքել էին հաստատությունը և միայն Սարոյանի ծնկաչոք և լացակումած աղաչանքներից հետո էին վերադարձել իրենց ուսմանը։ Սակայն այս նենգ մարդը ոմանց կարգեց «անհնազանդությունը» կազմակերպիչներ, և մի ամբողջ ավարտական լսարան հեռացրեց ճեմարանից՝ խեղելով 15 սանի կյանք։
Ճեմարնն իր ողջ պատմության ընթացքում չի ունեցել դեպք, երբ մի ամբողջ լսարան հեռացվեր ճեմարանից, բայց տիրադավի համար դա խնդիր չէր։
Ավելորդ է անգամ երկար պատմել ճեմարանում տիրող անառողջ մթնոլորտի մասին։ Հիմա հայտնվել են մարդիկ, որոնք իբրև տարիներ առաջվա «բացահայտումներ» են անում ճեմարանական ինչ-ինչ երևույթների մասին։ Դե իմացե՛ք՝ այդ ամենի պատասխանատուն ո՛վ է։
Իսկ այսօր Սարոյանը ափսոսում է Եկեղեցու դեմ դուրս եկած երեք հոգևորականներին կարգալույծ անելու համար։ Սա իսկական կեղծավորություն է։
2019-2026 թթ. Սարոյանը սկզբում նշանակվել է Արարատի մարզի հոգևոր տեսուչ, ապա՝ նոր ձևավորվող Մասյացոտնի թեմի առաջնորդ։ Ամեն տեղ պատմում էր, թե իր ղեկավարած թեմը պարզապես օրինակելի վայր է ծառայության համար։ Բայց այստեղ էլ կիրառվում էր նրա արդեն հանրաճանաչ մեթոդը՝ իրական փաստերը խլացնել ստով։
Իրականում նորաստեղծ Մասյացոտնի թեմը, առաջնորդի դիմումների հիման վրա, մի շարք հոգևորականներ են կարգալույծ արվել։ Էլ չենք խոսում այն մասին, որ եղել են հոգևորականներ, որոնք հազիվ են կարողացել ձերբազատվել այս առաջնորդից՝ տեղափոխվելով այլ թեմ։
Խոսքը ամենևին խստության մասին չէ։ Այս թեմը պարզապես կարոտ էր հոգատար հոր, ով ոչ թե գոռում ու ղժղժում է իր զավակների վրա, այլ իսկապես օգնում է նրանց ծառայության ճանապարհին։
Այդ թեմը նենգ, թունավոր ու ախտոտված մթնոլորտի իրական մարմնացումն էր։ Սարոյանը հոգևորականներին իրար դեմ էր տրամադրում, կային «սիրելի» և «ոչ սիրելի» հոգևորականներ, բռնության կոչեր էր հնչում նաև իմ հասցեին, որի մասին ավելի վաղը ասել էի։ Ախր ո՞ր մեկն ասեմ։
Պատահական չէ, որ Սարոյանի տիրադավության մասին լուրից հետո իրեն ենթակա հոգևորականները հրաժարվեցին նրանից, և ընդամենը մեկ-երկուսը մնացին նրա կողքին։ Թեև հարց է՝ կողքի՞ն են, թե պարզապես դեռ նրա ճանկերի մեջ։
Եթե Սարոյանն իսկապես ուզում է իմանալ, թե ինչ է նշանակում սիրո մթնոլորտ, թող նայի Արագածոտնի և Շիրակի թեմերի առաջնորդներին և հասկանա, թե ինչպիսի միաբանությամբ այնտեղի հոգևորականները մերժեցին իրենց ու իրենց առաջնորդ Փաշինյանին։
Վկայակոչածս բոլոր երևույթներն ունեն իրենց իրական տուժողներին։ Պարզապես նրանց անունները չեմ նշում, որովհետև նպատակս որևէ մեկին առանձին թիրախավորելը չէ, այլ հերթական ստի ու կեղծիքի բացահայտումը։
Հ․Գ.Հավանաբար Սարոյանի պատկերացրած «սիրո մթնոլորտը» կարող է լինել կամ Civic-ի, կամ ադրբեջանական ժամանակի տաղավարը»։