11 մլն–ից շատ գիրք է ոչնչացել ՌԴ-ում Wildberries-ի պահեստների վրա Ուկրաինայի հարվածներից

Բաժանորդագրվել

Ոչնչացված տպաքանակների հիմնական մասը գեղարվեստական, մանկական և հանրամատչելի գիտական գրականություն է։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ավելի քան 11 մլն գիրք է ոչնչացվել Ռուսաստանում Wildberries-ի պահեստների ուղղությամբ Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։ Այս մասին են վկայում Ռուսաստանի Գրքի միության և երկու մասնագիտացված կառույցների՝ Ռուսաստանի Գրահրատարակիչների ասոցիացիայի ու Գրատարածողների ասոցիացիայի համատեղ գնահատականները, գրում է «Ведомости»-ն։

«Wildberries-ի վրա հարձակումներն աննախադեպ հարված էին Ռուսաստանի գրքահրատարակչության ոլորտին, քանի որ այս մարքեթփլեյսը ամբողջ երկրի ընթերցողների համար գրքերի տարածման անփոխարինելի ուղի է։ Կորուստների վերականգնումը ոլորտի մասնակիցներից հսկայական ջանքեր, մարդկային և նյութական ռեսուրսներ է պահանջելու։ Այս գործընթացն անհնար է առանց պետության աջակցության»,-ասվում է ՌԳՄ-ի, Ռուսաստանի Գրահրատարակիչների ասոցիացիայի և Գրատարածողների ասոցիացիայի համատեղ հայտարարության մեջ։

«Ոչնչացված գրքերը հիմնականում «վերաբերում են գեղարվեստական, մանկական և հանրամատչելի գիտական գրականությանը», -պարզաբանել են ոլորտային ասոցիացիաներում։ Բացի այդ, տուժել են հաջորդ ուսումնական տարվա ընդհանուր պետական քննության (ОГЭ) և միասնական պետական քննության (ЕГЭ) ուսումնական ձեռնարկների հսկայական խմբաքանակներ. խմբի հրատարակչությունները շտապ կարգով լրացուցիչ տպաքանակներ են հանձնել տպագրության։

Wildberries-ում վաճառքները դրամական արտահայտմամբ կազմում են Ռուսաստանի գրքի շուկայի 30%-ը։ 2025 թվականին Ռուսաստանում տպագիր գրքերի իրացումը դրամական արտահայտմամբ 2024 թվականի համեմատ աճել է 13%-ով՝ հասնելով 111 միլիարդ ռուբլու։

Leave a comment