«Տո՛, գո՛ղն էլ եք դուք, թալանչի՛ն էլ եք դուք ու էս դահլիճում նստած ՔՊ-ականները։ Ու՞մ հետ եք տարել, մեզ համեմատում»․ Իշխան Սաղաթելյան

«Եթե դուք չեք ուսումնասիրել, չգիտեք, ապա ես պաշտոնապես ասում եմ՝ ընկերությունը ներդրում չի արել, քանի որ կառավարող ընկերություն է եղել, վարձակալել է հյուրանոցներ և կառավարում իրականացրել, որտեղից շահույթ է ստացել։ Անիմաստ շոուն, որ անում եք առանց ուսումնասիրելու, տեղեկություն իմանալու, դրա նպատակն է, որ այս ամբիոնից հայտարարեք՝ տեսե՜ք՝ գողե՜րը, թալանչինե՜րը… բայց տակը ոչ մի բան չկա։ Սա ընդամենը շոու է, որը կարճ ժամանակից բոլորին պարզ կդառնա»,-հարցին՝ Ձեզ որտեղի՞ց 700 հազար դոլար, որ դատախազությունը պահանջում է, այսպես պատասխանց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 5 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, շուրջ 700 հազար դոլարին համարժեք դրամ։

Նա մանրամասնեց․ «Իմ ընտանիքը զբաղվել է գործարարությամբ։ 2016-ին ստեղծված ընկերությունը, որի՝ իր հիմնադրին փոխանցված շահաբաժինը համարում են ապօրինի, իրենց իշխանության ժամանակ 600 միլիոն դրամից ավելի հարկ ենք վճարել, 500 միլիոն դրամի աշխատավարձ ենք տվել, յուրաքանչյուր ամիս 2,5 միլիոն դրամի կարգի շահույթ ունեցել, որը փոխանցվել է հիմնադրին։ 700 հազար դոլար կամ 267 միլիոն դրամը, դա էդ ընկերությունից փոխանցված շահույթն է իր հիմնադրին տասը տարիների ընթացքում։ Դատախազությունն այդպես է ասում, քանի որ իրենց հայտնի չեն տվյալներ, թե այդ ընկերությունն ինչ կարգի ներդրումներ է իրականացրել, չեն երևում ներդրումների աղբյուրները, ուստի ստացած շահույթը համարում են ապօրինի ու ասում՝ եկեք դատարանում ապացուցենք»։

Իշխան Սաղաթելյանի հավաստիացմամբ՝ իրավունք չունեին այդ ժամանակահատվածի հետ կապված վարույթ հարուցել․ «Օրենքն ասում է՝ պաշտոնը ստանձնելուց հետո։ Ես պաշտոն չեմ ունեցել այդ ժամանակ։ Եթե այս իշխանությունները յոթ տարի փնտրեցին, ինձ գտան, որ ես եմ կոռուպցիոները, ուրեմն մեղք են»։

Հարցին՝ Աննա Վարդապետյանին փող չունե՞ք տալու, Իշխան Սաղաթելյանն այսպես արձագանքեց․ «Իհարկե, չունեմ որևէ մեկին տալու, դա ապօրինի չէ։ Նույնիսկ դատարանի պահանջ չունեմ։ Խնդիրը շոուն է, տհաճությունը։ Ամբողջ ընտանիքի՝ քույր, եղբայր, հարս, կին, հայր, մայր, բոլորի ունեցվածքի վրա կալանք են դրել, հաշիվները սառեցրել։ Մարդկանց կերակրում են՝ տեսեք, հերթական գողին ենք բացահայտել։ Տո՛, գո՛ղն էլ եք դուք, թալանչի՛ն էլ եք դուք ու էս դահլիճում նստած ՔՊ-ականները։ Ու՞մ հետ եք տարել, մեզ համեմատում»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment