ՀՀ քաղաքացիություն ունեցող և արտերկրում ապրող երեխաների որդեգրման առանձին կարգ կգործի

Բաժանորդագրվել

Նպատակը կառավարության կողմից որդեգրման համար նախնական համաձայնություն տալը կամ այն մերժելն է։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Կառավարությունը սահմանեց Հայաստանի տարածքից դուրս բնակվող և ՀՀ քաղաքացիություն ունեցող երեխաներին օտարերկրյա քաղաքացիների կողմից որդեգրելու դեպքում նախնական համաձայնություն տրամադրելու ընթացակարգը։

Նախագիծը մշակել է արդարադատության նախարարությունը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։

Ըստ նախագծի՝ մինչև օտարերկրյա պետությունում որդեգրման գործընթացի ավարտը տվյալ պետության իրավասու մարմինը կամ երեխային որդեգրել ցանկացող անձը պետք է ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնի որդեգրողի և երեխայի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններն ու փաստաթղթերը։

Դրանք կուսումնասիրեն նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու ՆԳՆ ոստիկանությունը, որից հետո մարմիններից յուրաքանչյուրը պետք է իր իրավասության շրջանակում դիրքորոշում ներկայացնի։

Դրանից հետո արդարադատության նախարարությունը, ուսումնասիրելով փաստաթղթերն ու մյուս գերատեսչությունների դիրքորոշումները, կկազմի որդեգրման վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն և այն կներկայացնի վարչապետի աշխատակազմ։

Վերջնական նպատակը կառավարության կողմից որդեգրման համար նախնական համաձայնություն տալը կամ այն մերժելն է։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ կարգավորումը պետք է ապահովի, որ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացի երեխայի որդեգրման դեպքում ևս գնահատվեն երեխայի կարիքները, որդեգրողի՝ դրանք բավարարելու կարողությունները և երեխայի անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերը։

Leave a comment