Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ:
Անդրադարձ է կատարվել նոր ստեղծագործական ծրագրերի իրականացման անհրաժեշտությանը և հրավիրյալ ստեղծագործական ներուժի ընդլայնմանը։ Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մայրաքաղաքի ստեղծագործական ներուժը մարզային թատրոնների գործունեության մեջ առավել ակտիվ ներգրավելու հարցը՝ նպաստելով փորձի փոխանակմանը, նոր համագործակցությունների ձևավորմանն ու մարզերում թատերական կյանքի ակտիվացմանը»։
Նախարարը երկու թատրոններում էլ ընդգծել է ստեղծագործական գործունեությանն առնչվող հարցերի կարևորությունը՝ հորդորելով ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ թատրոններում գեղարվեստաստեղծագործական բարձր որակ ապահովելու և այն շարունակաբար զարգացնելու ուղղությամբ։
Նա ծանոթացել է թատրոնների խաղացանկային քաղաքականությանը, դրա բազմազանության ապահովմանը և հետագա ծրագրերին, հետաքրքրվել հանդիսատեսի հաճախելիությամբ և նոր լսարանների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներով։
Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը: Պաշտոնյաները շրջել են կառույցներում, ծանոթացել դրանց ստեղծագործական գործունեությանը, ենթակառուցվածքներին, առկա պայմաններին ու խնդիրներին: