Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Հասարակություն

02.10.2026 | 13:24

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Մուսաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նա ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը և կրակել սյունեցի կնոջ ոտքին։

Հետապնդումը հարուցվել է պետական սահմանն ապօրինի հատելու, հրազենի մաքսանենգության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։

Նշենք, որ ՀՀ ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական կողմի փոխանցմամբ Մուսաևը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 29-ին։

Leave a comment