3-րդ երեխային տրամադրվող գումարի չափը նվազեցվում է
Գործադիրը մտադիր է ընտանիքում ծնված 3-րդ երեխային տրամադրվող գումարի չափը նվազեցնել՝ 1 մլն դրամի փոխարեն դարձնելով 500․000 դրամ։
Փոփոխությունը կտարածվի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծնված երեխաների դեպքում։ Նախագիծը վաղը գործադիր մարմնի անդամներին կներկայացնի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Ըստ հիմնավորման՝ 2026 թ. սեպտեմբերի 1-ից եւ դրանից հետո ընտանիքում ծնված 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար 50,000 դրամական աջակցություն նշանակելու ու վճարելու շարունակականությունն ապահովելն է, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցումն եւ իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծումն է։
Իսկ մինչեւ 2026 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ծնված երեխաների դեպքում սահմանվում են նպաստի՝ երեխայի կարգաթվով պայմանավորված գործող չափերը։
Հիշեցնենք, որ գործող կարգավորումներով գումարի չափը տարբերվում էր (1-ին և 2-րդ երեխայի համար՝ 300,000 դրամ, 3-րդ և 4-րդի համար՝ 1,000,000 դրամ։
Այժմ բոլոր կարգաթվերի երեխաների համար այն կազմելու է ճիշտ 500,000 դրամ։ Ի դեպ, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով երեխայի ծնողը ունի երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք, եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ նոր ծնված երեխան ունի ՀՀ քաղաքացու անձնագիր, ծնողն ու նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանում։ Իսկ օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, ինչպես նաեւ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը։