«Ընդդիմությունը կնքեց իր քաղաքական մահը»

«Խորհրդարանական ընդդիմությունը ցույց տվեց, որ անկարող են առկա խնդիրների շուրջ պատասխանատվություն ստանձնել եւ դիմակայել իշխանության պլանավորվող գործողություններին»,- «Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Հովհաննես Ավետիսյանը։

– «Եկա, տեսա, վախեցա». օգոստոսի 2-ին՝ նոր խորհրդարանի աշխատանքների առաջին օրվա ավարտին, այսպես էիք բնութագրել ընդդիմության կեցվածքը։ Նոր խորհրդարանի ձեւավորման աշխատանքները մի քանի օր ընթանում են, ԱԺ ՔՊ-ական նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ բարեկիրթ աշխատելու առաջարկ արեց։ Ձեր տպավորությունը նո՞ւյնն է՝ ընդդիմության աշխատանքի մասով, թե առաջընթաց կա։ Ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ աշխատաոճ պետք է ընտրեն ընդդիմադիր պատգամավորները։ Ի՞նչ է ենթադրում ՔՊ-ի կողմից բարեկիրթ աշխատանքի առաջարկը։

-«Եկա, տեսա, վախեցա»-ն վերաբերում է ոչ միայն կոնկրետ այդ օրվա դրվագին, այլ ընդհանրապես ընդդիմադիր կեցվածք կամ դիրքավորում ընդունած անձանց, կամ կարելի է ասել՝ ուժերի, հատկապես նոր ուժերի, վարքագծին։ Նրանք տալիս էին խոստումներ, մասնավորապես իշխանության կողմից ընտրակեղծիքների իրականացման պարագայում՝ իրենց գործողությունների մասով, որ չիրականացրեցին։ Օրինակ, ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդն ասում էր՝ եթե իշխանությունները ընտրությունները կեղծեն՝ հեղափոխություն կլինի, հեղափոխություն կանենք։ Այդ խոստումը չիրականացվեց։ Մյուս ուժերի ներկայացուցիչներն ասում էին, եթե ԲՀԿ-ին դուրս թողնեն խորհրդարանից, իրենք պայքար կսկսեն։ Այսինքն, երբ իրենք խոստումներ էին տալիս, որ չեն հանդուրժելու ընտրակեղծիքներ, ընտրական մանիպուլյացիաներ, բայց դրանով  հանդերձ գնացին խորհրդարան, մանդատները վերցրեցին, հանդուրժեցին  եւ լեգիտիմացրեցին այդ խախտումներն ու մանիպուլյացիաները, նրանք կնքեցին իրենց քաղաքական մահը։

Այսինքն, նրանք ցուցանեցին, որ անկարող են առկա խնդիրների շուրջ պատասխանատվություն ստանձնել եւ դիմակայել իշխանության պլանավորվող գործողություններին։

Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի առաջարկին. իհարկե, իրեն պետք է հեզ ԱԺ՝ սկանդալներից զերծ, այսպես ասած՝ ընդդիմադիրներ, որոնք հիմնականում ընդդիմադիր էլ չեն, որոնք զուտ օրենսդրական ինչ-որ նախաձեռնությունների շուրջ իրենց հետ դեբատների մեջ են մտնում, ինչ-որ քննարկումների մեջ են։ Սա այն է, ինչ պետք է ունենալ ՔՊ-ին. ընդդիմադիր կերպարում հանդես եկող, իրականում հեզ եւ հնազանդ ընդդիմություն։ Այդպիսի ընդդիմություն էլ ստացել են։

Ի դեպ, օրակարգային մասով. ոչ «Հայաստան» դաշինքը, ոչ «Ուժեղ Հայաստանը», ոչ էլ ԲՀԿ-ն խոստումներ չէին տալիս, օրինակ՝ չէին ասում, որ չի լինելու ԹՐԻՓՓ կոչվող միջանցքը։ Ասում էին՝ լինելու է, այլ պայմաններով, այլ երաշխավորներով։ Այնինչ ԹՐԻՓՓ-ը հստակ թուրքական օրակարգ է, թուրքական աշխարհները կապող միջանցք է։

– Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը ազդանշաններ է ստացել այն մասին, որ «Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթաց»։ Արդյունքում՝ իր պատկերացմամբ, ՀՀ Սահմանադրությունից կհանվեն Թուրքիային եւ Ադրբեջանին ներկայացվող «հողային պահանջները» եւ հետագա զարգացումներն արդեն հնարավոր կդարձնեն Ստամբուլից Բաքու ավտոմեքենայով կամ գնացքով գնալը։ Քանի որ այս ամենի իրականացումը նաեւ պայմանավորված էր հայաստանյան ընտրություններով, կարելի՞ է ասել, որ գործողությունների փուլ ենք մտնում։ Ձեր պատկերացմամբ՝ քայլերի ի՞նչ հաջորդականություն է նախանշվում։

-Եթե իշխանությունը հաջողի Սահմանադրության փոփոխությունը, դա սկիզբը կլինի՝ Հայաստան պետության խամաճիկացման եւ փաստացի ու իրավաբանորեն թուրքական ազդեցության գոտի անցնելու։ Դա կլինի առաջին քայլը։ Այս ընթացքում ռուսների հետ թշնամացումը, ինչը տեսնում ենք, ավելի պետք է իրական եւ առարկայական դառնա, որպեսզի այս օրակարգը հաջողի։ Սրա իրական հովանավորները եվրոպացիներն ու ամերիկացիներն են։ Եթե էլի դիմադրություն չլինի, իսկ այն վստահաբար չի լինելու, ԱԺ-ում առկա ուժերի կողմից՝ արդեն ասացի, թե ինչու, հաջորդիվ տեսնելու ենք, որ իշխանությունը թուրքական միջանցքի օրակարգն իրականություն կդարձնի, Սահմանադրության փոփոխությունն իրականություն կդարձնի եւ Հայաստանը կանցնի թուրքական գոտու ազդեցության տակ. այն, ինչ պետք է ԱՄՆ-ին եւ Եվրոպային։

Եթե այլ՝ արտախորհրդարանական ուժեր, անհատներ դիմադրություն նախաձեռնեն եւ հաջողեն՝ դա չի լինի։

-Այս ամենը կարո՞ղ են Հայաստանում ներքաղաքական իրավիճակ փոխել, քանի որ հնարավոր չեղավ ընտրություններով դա անել։ Ունա՞կ է ինստիտուցիոնալ ընդդիմությունը բոլոր ուժերին համախմբել եւ դրոշակն իր ձեռքը վերցնել։

-Արձանագրենք եւ փաստենք, որ ՀՀ-ում՝ անկախությունից ի վեր, երբեւէ ընտրությունների ճանապարհով իշխանափոխություն չի եղել։ Գլխավոր պատճառն այն է, որ ինստիտուցիոնալ կառուցակարգերը՝ օրենսդրական եւ սահմանադրական, այնպիսինը չեն, որ իշխանափոխության հնարավորություն են տալիս։ Այս պարագայում էլ, քանի որ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ հակահայ գործողություններ է իրականացրել՝ Արցախից հրաժարումից սկսած, մինչեւ Հայաստանից  բռնազավթված տարածքների չազատագրել՝ 20-30 կետերով դրանք կարելի է թվարկել, քանի որ նա այս բոլոր հանցագործությունները կատարել է հայ ժողովրդի նկատմամբ՝ իշխանություն չի տալու ընտրություններով։ Նա որեւէ կերպ իշխանությունից չի հրաժարվելու, քանի դեռ չկա հայ ժողովրդի կազմակերպված ընդվզում։ Կազմակերպված ընդվզումը նշանակում է՝ խաղաղ անհնազանդության պայքար, որը զերծ է ծեծուջարդից, արյունահեղությունից։ Իսկ այդպիսինը հնարավոր է, եթե առաջնորդություն հայտնվի ժողովրդի մեջ եւ կազմակերպի այդ ժողովրդին։ Այս պահին դա չկա։ Այն ընդդիմությունը, որն այժմ ԱԺ-ում է, ընդդիմադիր կերպարի մեջ գտնվողները՝ հրաժարվել են դա անելուց. դրա մասին խոսել են, ասել են, դրա անունը դրել են փողոցային պայքար՝ արատավորելով ժողովրդի՝ անհնազանդության իրավունքի համար պայքարի էությունը, բովանդակությունը, նաեւ որովհետեւ դա չեն էլ հասկանում։ Այդպիսով՝ հրաժարվել են, ասելով, որ իրենք ունակ չեն լուծելու այս խնդիրները։

Զրույցը՝ Նելլի Գրիգորյանի

«Առավոտ» օրաթերթ
07.08.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment