ՀԿԿ․ Դպրոցի հաշվապահը խոշոր չափերի հափշտակություն է կատարել (PAN.am)

Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է երկու դպրոցներում առանձնապես խոշոր չափերի ենթադրյալ հափշտակությունների գործով նախաքննությունը, իսկ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հիմնավորվել է, որ Արթիկի դպրոցի հաշվապահի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է կատարել, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձն ամենամսյա հաշվետվություններում չի ներառել որոշ աշխատակիցների աշխատավարձերից առաջացած եկամտային հարկի և պարտադիր այլ վճարների գումարները։ Բացի այդ, դպրոցի հաշիվներում առկա միջոցներն իր և դպրոցի աշխատակից չհանդիսացող անձանց անուններով՝ իբրև աշխատավարձ կամ պարտքի վերադարձ փոխանցելու վերաբերյալ կեղծ տվյալներ ներառելու արդյունքում, երկու անձի օժանդակությամբ հափշտակել է մոտ 55 մլն դրամ։

Քննությամբ նաև պարզվել է, որ նույն պաշտոնյան զբաղեցրել է Հառիճի միջնակարգ դպրոցի գնումների պատասխանատուի և համակարգողի, իսկ հետագայում նաև հաշվապահի պաշտոնները։ Ըստ վարույթի տվյալների՝ նա իր կնոջ՝ նույն դպրոցի հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ և ևս մեկ քաղաքացու օժանդակությամբ հափշտակել է դպրոցից ելքագրված 33 մլն դրամը։

Նշված գործողությունների հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասը գերազանցել է 87 մլն դրամը։ Այդ գումարից 43 մլն դրամն արդեն վերականգնվել է։

Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել երկու դպրոցներում հաշվապահի պաշտոն զբաղեցրած անձին, նրա կնոջը, ենթադրյալ հանցավոր գործողություններին օժանդակած անձին, ինչպես նաև դպրոցների տնօրեններին։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, իսկ գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան։

Leave a comment