News.am․ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ (PAN.am)

ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կազմակերպել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Գործադիրից հայտնել են, որ կապ է հաստատվել տիկին Զոնաբենդի հետ, հայտնում է News.am-ը:

Նրան փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպումը կազմակերպելու համար:

Վերոնիկա Զոնաբենդը հուլիսի 8-ին բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու մտադրության մասին։

Միաժամանակ, հաշվի առնելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Բաքվում պահվող հայ գերիներին և պատանդներին վերջին անգամ այցելել է նախորդ տարվա դեկտեմբերին, NEWS.am-ը կառավարությունից հետաքրքրվել է նաև՝ արդյոք նախատեսվում է դիմել միջազգային գործընկերներին կամ կոնկրետ քայլեր իրականացնել Ադրբեջանում պահվող հայերի հետ կանոնավոր մարդասիրական կապը, նրանց ընտանիքների հետ շփումը և միջազգային իրավապաշտպան կառույցների այցելությունները վերականգնելու ուղղությամբ։

Կառավարությունն օգոստոսի 5-ին, պատասխանելով հարցմանը, հայտնել է, որ տեղեկացված է Վերոնիկա Զոնաբենդի բաց նամակում բարձրացված հարցերի մասին։

«Հաշվի առնելով դրանց զգայունությունը, Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել պատասխանատու գերատեսչության միջոցով հանդիպում կազմակերպել տիկին Զոնաբենդի հետ՝ հասցեագրելու բարձրացված հարցերը, ինչպես նաև ներկայացնելու Ադրբեջանի Հանրապետությունում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների վերադարձի, նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող քայլերն ու գործողությունները: Միաժամանակ հայտնում ենք նաև, որ կապ է հաստատվել տիկին Զոնաբենդի հետ, փոխանցվել են համապատասխան գերատեսչության անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպում կազմակերպելու նպատակով»,- ասված է կայքին ուղարկված պատասխանում:

Պատասխանում որպես համապատասխան գերատեսչություն հիշատակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Բաքվի դատարանը շինծու գործերով 20 տարվա ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին:

Leave a comment