Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ վերջին շրջանում Իրանի հարաբերությունները հարևան երկրների հետ զգալիորեն բարելավվել են, և տարածաշրջանի պետությունները սերտ համագործակցում են Թեհրանի հետ։
«Մեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են դարձել, քան նախկինում։ Հարևան երկրները շատ լավ համագործակցում են մեզ հետ», — ասել է Իրանի նախագահը։
Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում ծրագրերից մեկը եղել է Իրանի հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից լարվածություն ու անկարգություններ հրահրելը։
«Պնդվում էր, որ այդ ուղղություններից մարդիկ կմտնեն երկիր՝ անկարգություններ կազմակերպելու համար։ Սակայն տարածաշրջանի երկրներն իրենք թույլ չտվեցին, որ որևէ մեկը հեշտությամբ հատի իրենց սահմանները այդ ուղղություններով և ստեղծի անկայունություն», — նշել է Փեզեշքիանը։
Նա ընդգծել է, որ հարևան պետությունները ոչ միայն թույլ չեն տվել իրենց տարածքներով ներթափանցումներ իրականացնել, այլև աջակցություն են ցուցաբերել Իրանին։
«Սա շատ կարևոր հանգամանք է․ մեր հարևանները թույլ չտվեցին, որպեսզի մարդիկ անցնեն իրենց տարածքներով և առաջացնեն անկարգություններ ու անկայունություն։ Նրանք ոչ միայն զերծ մնացին դրանից, այլև օգնեցին մեզ», — հայտարարել է Իրանի նախագահը։