Եպիսկոպոսաց ժողովը չեղարկելու կամ հետաձգելու որևէ արդարացի պատճառ չի կարող լինել․ Գենադի Մնացականյան 

Այն պահին, երբ մարդկային պաշտպանողական հնարավորությունները սպառվում են, ապա սկսում է անդավաճանորեն գործել աստվածային նախախնամությունը, որից, հաճախ ապերախտաբար, օգտվում է հայ ազգը։ Քրիստոս հայ ազգի պահապանն էր միշտ, այդ թվում նաև 90-ականների արցախյան ազատագրական պատերազմում, սակայն եղան մարդիկ, ովքեր այդ հաղթանակը իրենց վերագրեցին ու արդյունքում Տիրոջ արդարացի խրատին արժանացանք։

Հաղթանակը միշտ Աստծունն է, և ամեն բարիքի աղբյուրը Աստված է։ Իսկական չարիք է, երբ հոգևոր և աշխարհիկ իշխանություն ունեցողները փոքրոգի, ապերախտ ու մորթապաշտ են լինում, իսկ երբ նրանք իրար գտնում ու սկսում են համագործակցել, ապա ազգի համար ինքնության ու գոյության պահպանման տեսակետից իրական վտանգ է առաջանում։ Հիմա հերթական անգամ բարդ իրավիճակում է հայտնվել հայ ազգը։

Հայտնի է, որ 2026 թվականի փետրվարի 16-19 -ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում, ըստ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի նախնական հայտարարության, պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Ակնկալվում է, որ ժողովի բարեհաջող անցկացմամբ, վերջին յոթ -ութ տարիներին տեղ գտած Եկեղեցի-Պետություն  հակամարտությունը ինչ-որ հանգուցալուծում կունենա կամ գոնե կուրվագծվի այն։ Դատապարտելի է, որ ինչ-որ կասկածելի իրավական գործընթացների պատճառով, դատարանի որոշմամբ, հայաստանաբնակ ուխտապահ սրբազան հայրերի ելքը Հայաստանից արգելափակված է։

ՀՀ ներկայիս իշխանությունները, իմ կարծիքով, ժողովի կայացմանը կխանգարեին նաև այն դեպքում, եթե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից որոշված լիներ այն Հայաստանում գումարել։ Ինքնին Եպիսկոպոսից ժողովի անցկացումը բնական վախ է առաջացնում հակաեկեղեցական շրջանակներում և նրանց անկանոն շարժումները հենց այդ վախերի հետևանքն են։ Որքան էլ նրանք պնդեն, թե Մայր Աթոռի որոշումները որևէ ուժ չունեն, միևնույն է, շատ լավ հասկանում են, որ այդպես ասելով պարզապես ինքնախաբեությամբ են զբաղվում և փորձում են մոլորեցնել ժողովրդին։

Կարծում եմ՝ Եպիսկոպոսաց ժողովը բոլոր դեպքերում տեղի կունենա, որովհետև, ակնհայտ է, որ նրա չեղարկումը կարող է շատ բացասաբար անդրադառնալ Եկեղեցու հեղինակության վրա։ Ի վերջո, կան օրակարգային հարցեր և կան սրբազան հայրեր, որոնցից ոմանք բանտում են, ոմանք Հայաստանից դուրս գալու արգելք ունեն, բայց այդ եպիսկոպոսները, վերջապես, ողջ են և հետևաբար, որտեղ էլ լինեն, առնվազն եկեղեցական հարցերում իրենց խոսքի իրավունքը չեն կորցնում և նրանց խոսքը հավասարապես ուժ ունի եկեղեցական որոշումներում, կարող են իրենց վստահելի ներկայացուցիչները ունենալ ժողովում։ Եվ վերջապես, սրբազան հայրերի խոսքը տեղ հասցնելու համար, փառք Աստուծո, բազմաթիվ հնարավորություններ կան։ Հետևաբար, Եպիսկոպոսաց ժողովը չեղարկելու կամ հետաձգելու որևէ արդարացի պատճառ չի կարող լինել։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment