Թրանսփարենսի Ինթերնեշնլը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2025թ.-ի արդյունքները։
Հայաստանի ԿԸՀ 2025թ. արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է մեկ միավորով՝ իջնելով 46 միավոր՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ 182 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը Քուվեյթի, Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա), Նամիբիայի և Սենեգալի հետ կիսում է 65-69-րդ տեղերը։
Հայաստանի ԿԸՀ-ն գերազանցում է հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵԱՏՄ մյուս երկրների 2025 ԿԸՀ արժեքները։
Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2025․ առաջնորդության անկումը խաթարում է կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային ջանքերը
Բեռլին, 10 փետրվարի 2026 թ. – Այսօր հրապարակված Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2025 թվականի տվյալների համաձայն՝ կոռուպցիան ամբողջ աշխարհում խորանում է։ Նույնիսկ կայացած ժողովրդավարական երկրներում արձանագրվում է կոռուպցիայի աճ՝ առաջնորդության անկման պայմաններում։ Ամենամյա պարբերությամբ հրապարակվող այս համաթիվը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում ԿԸՀ համաթվի 80-ից բարձր միավոր ստացած երկրների թիվը նվազել է՝ 12-ից հասնելով ընդամենը 5-ի։
Համաթվի արդյունքները ցույց են տալիս, որ ժողովրդավարական երկրները, որոնք սովորաբար ավելի ուժեղ են հակակոռուպցիոն ոլորտում, քան ավտորիտար կամ թերի ժողովրդավարական վարչակարգերը, ներկայումս արձանագրում են մտահոգիչ անկում։ Այս միտումը տարածվում է այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են Միացյալ Նահանգները (64), Կանադան (75), Նոր Զելանդիան (81), և եվրոպական մի շարք երկրները, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունը (70), Ֆրանսիան (66) և Շվեդիան (80)։ Մեկ այլ մտահոգիչ միտում է բազմաթիվ երկրներում խոսքի, միավորման և հավաքների ազատությունների աճող սահմանափակումների փաստը։ 2012 թվականից ի վեր Կոռուպցիայի ընկալման համաթվում էական անկում արձանագրած 50 երկրներից 36-ում այդ գործընթացը ուղեկցվել է նաև քաղաքացիական տարածքի նեղացմամբ։
2025 թվականին ականատես եղանք երիտասարդ սերնդի (Z սերունդ կամ Gen Z) առաջնորդությամբ կազմակերպված կոռուպցիայի դեմ ուղղված բողոքի ցույցերի այն երկրներում, որոնց ԿԸՀ ցուցանիշները վերջին տասնամյակում հիմնականում արձանագրել են լճացում կամ անկում։ Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Նեպալը (34) և Մադագասկարը (25) երիտասարդները դուրս եկան փողոց՝ բողոքելու իրենց երկրների իշխանությունների դեմ իրենց լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պատշաճ հանրային ծառայությունների և տնտեսական հնարավորությունների ապահովումը ձախողելու համար։
Թրանսփարենսի Ինթերնեշնլը զգուշացնում է, որ համաշխարհային մակարդակով կոռուպցիայի դեմ պայքարում համարձակ առաջնորդության բացակայությունը թուլացնում է միջազգային հակակոռուպցիոն նախաձեռնությունները, և առկա է վտանգ, որ հանրության կողմից բարեփոխումներ իրականացնելունն ուղղված ճնշումն աշխարհի տարբեր երկրներում կնվազի։
Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ Ֆրանսուա Վալերիանը նշում է․
«Կոռուպցիան անխուսափելի չէ։ Մեր, որպես կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման, հետազոտությունները և փորձը ցույց են տալիս, որ առկա է հստակ ուղենիշ, թե ինչպես հաշվետու դարձնել իշխանությանը՝ ծառայեցնելու նրան հանրային շահին՝ սկսած ժողովրդավարական գործընթացներից և անկախ վերահսկողությունից մինչև ազատ և բաց քաղաքացիական հասարակություն։ Այն ժամանակ, երբ որոշ պետություններ վտանգավոր կերպով անտեսում են միջազգային նորմերը, մենք կոչ ենք անում կառավարություններին և առաջնորդներին գործել՝ հիմնվելով օրինավորության վրա և պատասխանատու կերպով կատարել իրենց պարտականությունները՝ ապահովելու համար ավելի լավ ապագա ամբողջ աշխարհում»։
Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում․
- կոռուպցիայի դեմ պայքարում նորացված քաղաքական առաջնորդության, այդ թվում՝ օրենքների լիարժեք կիրառում, միջազգային պարտավորությունների կատարում, և այնպիսի բարեփոխումների իրականացում, որոնք ամրապնդում են թափանցիկությունը, վերահսկողությունը և հաշվետվողականությունը։
- Պաշտպանել քաղաքացիական տարածքը՝ դադարեցնելով հարձակումները լրագրողների, հասարակական կազմակերպությունների և ազդարարների վրա և վերջ տալով անկախ քաղաքացիական հասարակության գործունեությունը սահմանափակելու փորձերին։
- Փակել գաղտնիությունն ապահովող սողանցքները, որոնք թույլ են տալիս կոռուպցիոն փողերի տեղաշարժը երկրից երկիր, ներառյալ վերահսկելով մասնագիտացված միջնորդներին, և ապահովելով ընկերությունների, հավատարմագրային կառույցների ու ակտիվների իրական սեփականատերերի թափանցիկությունը։
Կոռուպցիայի դեմ պայքարում առաջնորդության անկում
Վերջին տասնամյակում եվրոպական բազմաթիվ երկրներում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերը փաստացի կանգ են առել։ 2012 թվականից ի վեր Արևմտյան Եվրոպայի և Եվրոպական Միության 13 երկրներում արձանագրվել է Կոռուպցիայի ընկալման համաթվի էական անկում, և միայն յոթ երկրներում է գրանցվել զգալի բարելավում։ 2025 թվականի դեկտեմբերին Եվրոպական միությունն ընդունեց իր առաջին Հակակոռուպցիոն հրահանգը (դիրեկտիվը), որի նպատակն է կոռուպցիային առնչվող ԵՄ երկրների քրեական օրենսդրությունների ներդաշնակեցումը։ Այն, ինչ կարող էր դառնալ զրո հանդուրժողականության վրա հիմնված շրջանակ, մի շարք անդամ երկրների, այդ թվում Իտալիայի (53), դիրքորոշման արդյունքում էապես թուլացվեց, որն արգելափակեց հանրային պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման քրեականացման հարցը։ Արդյունքում, ունենք մի շրջանակ, որը հավակնոտ չէ և զուրկ է հստակությունից և արդյունավետ կիրառելիությունից։
Ամերիկայի Միացյալ Նահանգների (64) ԿԸՀ-ն շարունակել է իր կայուն նվազման միտումը՝ գրանցելով պատմության մեջ իր ամենացածր ցուցանիշը։ Թեև 2025 թվականի զարգացումները դեռևս ամբողջությամբ չեն արտացոլված ԿԸՀ համաթվերում, անկախ ձայների դեմ ուղղված քայլերը և դատական իշխանության անկախությունը թուլացնող գործողությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում։ Կոռուպցիայի ընկալման համաթվի արդյունքներից զատ՝ Օտարերկրյա կոռուպցիոն պրակտիկայի մասին օրենքի (Foreign Corrupt Practices Act) կիրարկման ժամանակավոր սառեցումը և նրա վերահսկողության թուլացումը վկայում են կոռուպցիոն բիզնես պրակտիկաների հանդեպ հանդուրժողականության մասին։ Միաժամանակ, ԱՄՆ-ից դուրս գործող քաղաքացիական հասարակությանը տրամադրվող ԱՄՆ օգնության կրճատումը թուլացրել է կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային ջանքերը։ Այս զարգացումները մի շարք այլ երկրների քաղաքական առաջնորդների համար ծառայել են որպես ազդակ՝ ավելի խստացնելու հասարակական կազմակերպությունների, լրագրողների և այլ անկախ ձայների գործունեության նկատմամբ սահմանափակումները։
Կոռուպցիայի ընկալման համաթվի բարձր միավոր ունենալն ինքնին չի նշանակում, որ տվյալ երկիրը զերծ է կոռուպցիայից։ Համաթվի բարձր միավորներով մի շարք երկրներ իրականում նպաստում են կոռուպցիայի տարածմանն այլ երկրներում՝ նպաստելով կոռուպցիայից ստացված եկամուտների լվացմանը և դրանց փոխանցմանն այդ երկրների սահմաններից դուրս, ինչը Կոռուպցիայի ընկալման համաթվի միջոցով չի չափվում։ Օրինակ՝ Շվեյցարիան (80) և Սինգապուրը (84), թեև դասվում են աշխարհի ԿԸՀ ամենաբարձր միավորներ ունեցող երկրների շարքին, այնուամենայնիվ, վերջին տարիներին բախվել են հետաքննության՝ կապված կեղտոտ փողերի շրջանառությանը նպաստելուն։
Քաղաքացիական տարածքի նեղացումը խաթարում է կոռուպցիայի դեմ պայքարը
Վերջին տասնամյակում մեծացել է հասարակական կազմակերպությունների գործունեությանը քաղաքականացված միջամտությունն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Վրաստանը (50), Ինդոնեզիան (34) և Պերուն (30), որոնցում ընդունվել են նոր օրենքներ, որոնք սահմանափակում են իշխանությունների գործունեությունը հսկող կամ քննադատող կազմակերպությունների համար ֆինանսավորման հասանելիությունը կամ նույնիսկ թուլացնում են նրանց։ Նման օրենսքները հաճախ ուղեկցվում են նրանց դեմ վարկաբեկման արշավներով և սպառնալիքներով։ Այնպիսի երկրներում, ինչպես, օրինակ, Թունիսում (39), քաղաքացիական տարածքը նեղանում է ոչ թե նոր սահմանափակող օրենքների, այլ հասարակական կազմակերպությունների գործունեությունը կաշկանդող վարչական, դատական և ֆինանսական ճնշումների միջոցով։ Նման պայմաններում անկախ լրագրողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ազդարարողների համար ավելի դժվար է բարձրաձայնել կոռուպցիայի մասին, և ավելի հավանական է, որ կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնատար անձինք կշարունակեն չարաշահել իրենց լիազորությունները։ Քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների հետևանքով Թրանսփարենսի Ինթրնեշնլի մասնաճյուղերը Ռուսաստանում (22) և Վենեսուելայում (10) ստիպված են եղել իրենց գործունեությունը շարունակել արտերկրում՝ փաստացի աքսորում։
Այսպիսի սահմանափակող միջավայրերը ոչ միայն լռեցնում են քննադատներին և վերահսկող կազմակերպություններին, այլև իրական վտանգներ են ստեղծում նրանց համար, ովքեր համարձակվում են բացահայտել իրավախախտումները։ 2012 թվականից ի վեր ոչ պատերազմական գոտիներում կոռուպցիոն թեմաներ լուսաբանող 150 լրագրող է սպանվել, և գրեթե բոլոր դեպքերը գրանցվել են կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրներում։
Կոռուպցիայի գլոբալ պատկերը․ հիմնական եզրահանգումներ
Կոռուպցիայի ընկալման համաթիվը դասակարգում է 182 երկիր և տարածք՝ ըստ հանրային հատվածում կոռուպցիայի ընկալվող մակարդակի՝ 0-ից (խիստ կոռումպացված) մինչև 100 (շատ մաքուր) սանդղակով։
ԿԸՀ համաթվի համաշխարհային միջին միավորը կազմում է 42՝ 100-ից, ինչը վերջին ավելի քան տասնամյակի ընթացքում ամենացածր ցուցանիշն է և վկայում է նվազման մտահոգիչ միտումի մասին, որն անհրաժեշտ կլինի ժամանակի ընթացքում դիտարկել։
Երկրների ճնշող մեծամասնությունը չի կարողանում արդյունավետորեն վերահսկել կոռուպցիան․ նրանցից ավելի քան երկու երրորդը՝ 182 երկրներից 122-ը, ստացել են 50-ից ցածր միավոր։
Ութերորդ տարին անընդմեջ Դանիան գրանցում է համաթվի ամենաբարձր արդյունքը (89)՝ որին անմիջապես հաջորդում են Ֆինլանդիան (88) և Սինգապուրը (84)։
ԿԸՀ ամենացածր միավորներ ունեցող երկրների գերակշիռ մեծամասնությունում առկա են խիստ ճնշված քաղաքացիական հասարակություններ և անկայունության բարձր մակարդակ ։ Այդ երկրներից են Հարավային Սուդանը (9), Սոմալին (9) և Վենեսուելան (10)։
2012 թվականից ի վեր 50 երկրներում Կոռուպցիայի ընկալման համաթվերը զգալիորեն նվազել են։ Ամենամեծ անկում արձանագրած երկրների թվում են Թուրքիան (31), Հունգարիան (40) և Նիկարագուան (14)։ Այս համաթվերն արտացոլում են բարեվարքության մեխանիզմների մի ամբողջ տասնամյակ ձգվող, կառուցվածքային թուլացման մասին՝ պայմանավորված ժողովրդավարական հետընթացով, հակամարտություններով, ինստիտուցիոնալ խոցելիությամբ և հովանավորչական արմատավորված ցանցերով։ Այս անկումները կտրուկ են, կայուն և դժվար շրջելի, քանի որ կոռուպցիան դառնում է համակարգային և խորապես արմատացած, ինչպես քաղաքական, այնպես էլ վարչական համակարգերում։
Նույն ժամանակահատվածում՝ 2012 թվականից ի վեր, 31 երկիր զգալիորեն բարելավել է իր ԿԸՀ ցուցանիշները։ Ամենամեծ առաջընթաց արձանագրած երկրների թվում են Էստոնիան (76), Հարավային Կորեան (63) և Սեյշելյան կղզիները (68)։ Նման ժողովրդավարական երկրներում արձանագրված երկարաժամկետ բարելավումները արտացոլում են բարեփոխումների կայուն տեմպը, հզորացած վերահսկող ինստիտուտները և մաքուր կառավարման օգտին ձևավորված լայն քաղաքական համաձայնությունը։ Այս ոլորտներում հաջողությունները, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված են հանրային ծառայությունների թվայնացմամբ, քաղաքացիական ծառայության պրոֆեսիոնալացմամբ, և տարածաշրջանային ու գլոբալ կառավարման չափանիշների ինստիտուցիոնալ արմատավորմամբ։
Կոռուպցիայի ընկալման համաթվի մասին
Սկսած 1995 թ. իր առաջին հրապարակումից՝ Կոռուպցիայի ընկալման համաթիվը դարձավ հանրային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային առաջատար ցուցիչը: 2023 թվականի համաթիվը գնահատել է աշխարհի 180 երկրները և տարածքները՝ ելնելով հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումից և օգտագործելով տվյալներ 13 արտաքին աղբյուրներից, որոնց թվում՝ Համաշխարհային Բանկը, Համաշխարհային տնտեսական ֆորումը, ռիսկեր գնահատող և խորհրդատվական մասնավոր ընկերությունները, հետազոտական կենտրոնները և այլն։ Գնահատականներն արտացոլում են փորձագետների և գործարարների ընկալումները։
ԿԸՀ-ի հաշվարկման գործընթացը կանոնավոր կերպով վերանայվում է (վերջին անգամ՝ 2017 թվականին Եվրոպական հանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոնի կողմից) համոզվելու համար, որ այն ունի հնարավորինս կուռ և համահունչ ներքին տրամաբանություն։ 2012 թվականից հետո ԿԸՀ յուրաքանչյուր տարվա գնահատականները համեմատելի են այլ տարվա գնահատականների հետ։
Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2025․ Թույլ ինստիտուտները սնուցում են կոռուպցիան Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում
Բեռլին, 10 փետրվարի 2026թ․ – Թրանսփարենսի Ինթերնեշնլի 2025թ Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ), որը հրապարակվեց այսօր, ցույց է տալիս, որ թույլ ինստիտուտները և ժողովրդավարական հետընթացն Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում խթանում են կոռուպցիան և նեղացնում քաղաքացիական տարածքը։ Տարածաշրջանի ԿԸՀ-ի միջին արժեքը հավասար է 34-ի 100-ից, ընդ որում 19 երկրներից վեցի ԿԸՀ-երն էապես վատացել են, և միայն յոթի մոտ դրանք լավացել են՝ ընդգծելով վերջին տասնամյակում կանգ առած բարեփոխումները և թուլացած ինստիտուտները։
Իշխանության կենտրոնացումը, անհարկի ճնշումները դատական համակարգի նկատմամբ, և ճնշումը քաղաքացիական հասարակության վրա թուլացնում են զսպումների և հակակշիռների մեխանիզմները և հանրային վերահսկողությունը՝ դրանով իսկ խթանելով ժողովրդավարության նահանջը։ Ողջ Արևմտյան Բալկանների համար ընդհանուր հիմնախնդիր է բարձրարժեք ներդրումային նախագծերի վերաբերյալ ոչ թափանցիկ ձևով որոշումների ընդունումը։ Թափանցիկության առկախված կարգավորումները և չվերահսվող հայեցողական լիազորությունները ծնում են կոռուպցիոն ռիսկեր հանրային միջոցների օգտագործման հարցում՝ խարխլելով հանրային վստահությունը։ Գնումների մրցակցային ընթացակարգերի բացակայությունը հանգեցրեց բնական պաշարների անվերահսկելի շահագործմանը Բոսնիա և Հերցեգովինայում (2025թ․ ԿԸՀ համաթվի արժեքը՝ 34), Ալբանիայի (39) Սազան կղզու շրջակա միջավայրի քայքայման վտանգին, և թույլ տվեց Սերբիայի (33) կառավարությանը ստորագրելու գաղտնի պայմանագիր օտարերկրյա ներդրողի հետ և անօրինական կերպով չեղարկելու մշակութային հուշարձանի պահպանվող լինելու կարգավիճակը, որպեսզի նրա տեղում կառուցվի շքեղ հյուրանոց
Մի շարք արևմտաբալկանյան երկրներում դատական համակարգի թույլ արձագանքը հանդիսանում է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական խոչընդոտներից մեկը, և, այդուհանդերձ, դատավորներն ու դատախազներն ավելի ու ավելի հաճախ դառնում են իշխանությունների հարձակումների թիրախ։ Սերբիայում (33) կառավարության անդամների ենթադրյալ չարաշահումները հետաքննելուց հետո երկրի Կազմակերպված հանցավորության հարցերով դատախազությունը ենթարկվում է օրըստօրե աճող ճնշման, ներառյալ իշխանությունների կողմից ուղղորդվող զրպարտչական արշավների, ոստիկանության հետ համագործակցելուն խոչընդոտման և օրենսդրական փոփոխությունների, որոնք կթուլացնեն նրա կարողությունները՝ հետաքննելու կազմակերպված հանցավորությունը և կոռուպցիան, որում ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաները։ Հյուսիսային Մակեդոնիայում (40), քրոնիկ թերֆինանսավորումը և իշխանությունների շարունակական ճնշումը թուլացրեցին երկրի դատախազությունը։ Այդ ամենի գագաթնակետը դարձավ երկրի գլխավոր դատախազի հրաժարականը 2025 թվականի դեկտեմբերին։ Բոսնիա Հերցեգովինայում (34) դատական համակարգում պաշտոններին նշանակումների վրա քաղաքական ազդեցությունն այնքան խորն է արմատավորված, որ այն արդյունավետ կերպով կարգավորելու բազմաթիվ փորձերը տապալվեցին, չնայած նրան, որ դա խոչընդոտում է երկրի ինտեգրմանը ԵՄ-ին։
Տարածաշրջանի տարբեր երկրներում իշխանություններն ավելի ու ավելի են սահմանափակում քաղաքացիական տարածքը և անկախ վերահսկողությունը՝ թույլ տալով կոռուպցիոն ռիսկերի աճին։ Վրաստանում (50), ժողովրդավարության նահանջը մեծացնում է այդ ռիսկերը։ Իշխող կուսակցությունը խորհրդարանով անցկացրեց օրենքներ, որոնք քրեականացնում են հասարակական կազմակերպությունների իրավաչափ գործունեությունը և պիտակավորում են անկախ ձայները որպես «օտարեկրյա գործակալներ», որոնք զուգակցվում են քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումներով, լրատվամիջոցների վրա դրվող սահմանափակումներով, և ցուցարարների ու լրագրողների նկատմամբ բռնի հաշվեհարդարներով՝ դրանով իսկ վերացնելով հաշվետվողականությունը։ Միջազգային դիտորդներն այժմ զգուշացնում են երկրի՝ դեպի ավտորատարիզմ շրջադարձի մասին, որը ներառում է քայլեր ուղղված ընդդիմադիր կուսակցություններն արգելելուն և քաղաքացիական ծառայության, ոստիկանության ու դատական համակարգի նկատմամբ քաղաքական հսկողությունն ուժեղացնելուն։
Բռնաճնշումների նմանատիպ օրինաչափություններ տեղ են գտնում նաև Կենտրոնական Ասիայում. Ղրղզստանը (26) և Ղազախստանը (38) շաունակում են սահմանափակել քաղաքացիական հասարությանը՝ հասարակական կազմակերպությունների վերաբերյալ խրթին օրենսդրության միջոցով։ Ընդ որում Ղազախստանում ուժեղացել են մտահոգությունները կապված հակակոռուպցիոն ծառայության ոչ թափանցիկ ճանապարհով լուծարման և նրա գործառույթներն Ազգային անվտանգության կոմիտեին փոխանցելու հետ, որն առաջացնում է հարցեր անկախության, հաշվետվողականության և վերահսկողության վերաբերյալ։ Ուզբեկստանում (31), օրենսդրական բարեփոխումները հանգեցրել են որոշակի առաջընթացի, սակայն կոռուպցիոն երևույթներ վեր հանող լրագրողները և բլոգերներն այսօր էլ բախվում են հալածանքների կամ քրեական հետապնդման, որը սահմանափակում է հակակոռուպցիոն քայլերի ազդեցությունը։
Լրատվամիջոցներին, քաղաքացիական հասարակությանը և քաղաքական ընդդիմությանը ճնշող իր ամբողջովին կենտրոնացված և ոչ թափանցիկ կառավարման համակարգով Ռուսաստանը (22) շարունակում է մնալ ԿԸՀ դասակարգման աղյուսակի հատակին մոտ։ Նրա ավտորիտար գործելակերպը խեղդում է անկախ ձայները, սահմանափակում քաղաքացիական ներգրավվածությունը և տարածում է կոռուպցիոն գործելաոճը տարածաշրջանում՝ խարխլելով հարևան երկրների ժողովրդավարական ինստիտուտները։
Չնայած այս մարտահրավերներին՝ որոշ երկրներ ցույց են տալիս, որ փոփոխությունն իրագործելի է երբ քաղաքացիական տարածքը և անկախ ինստիտուտները պաշտպանված են։ Ուկրաինայում (36), հասարակական կազմակերպությունների, հանրության և լրագրողների կողմից գործադրված ճնշումն նպաստեց կառավարման ոլորտում բարեփոխումների առաջմղմանը։ 2025 թվականին քաղաքացիական հասարակության մոբիլիզացիան պաշտպանեց հակակոռուպցիոն առանցքային մարմիններին՝ ապահովելով նրանց անկախությունը։ Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն կառույցների համակարգը մեծացրեց հետաքննությունների ծավալը և նրան հաջողվեց հասնել մեղադրական դատավճիռների կայացմանը, ներառյալ քաղաքականապես զգայուն գնումների և պաշտպանության ոլորտներում։ Սակայն, անհրաժեշտ են հետագա բարեփոխումներ՝ զերծ պահելու չարաշահումներից պաշտպանության և վերակառուցման նպատակով ստեղծված հիմնադրամները։
Նմանապես, Մոլդովան (42) ուժեղացնում է դատական վեթինգը և առաջ է տանում ԵՄ չափորոշիչներին համապատասխան բարեփոխումները՝ չնայած աշխարհաքաղաքական ուժեղ ճնշումներին և երկրում արմատավորված շահեր ունեցող խմբերի մշտական դիմադրությանը։ Չնայած կիրարկման հետ կապված մարտահրավերները մնում են, քաղաքական կամքի առկայությունը և կառուցվածքային բարեփոխումները Մոլդովային դարձնում են ուշադրության արժանի երկիր։ Հայաստանն (46) ընդունեց միջազգային չափանիշներին համապատասխանող հակակոռուպցիոն օրենսդրություն և ռազմավարություն։ Նրա հետագա առաջընթացն այժմ կախված է դատական և դատախազական համակարգերի անկախությունից և արդյունավետությունից՝ ընդունված բարեփոխումների հետևողական կիրարկման պայմաններում։
Ինչպես նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Արևելյան և Հարավային Եվրոպայի գծով տարածաշրջանային խորհրդատու Լիդիա Պրոկիչը․
«Կոռուպցիան Արևելյան և Հարավային Եվրոպայում անխուսափելի չէ․ այն ծաղկում է այնտեղ, որտեղ ժողովրդավարությունը թուլացած է և հաշվետվողականությունը՝ տապալված։ Իշխանությունները պետք է շտապ ուժեղացնեն դատական համակարգի անկախությունը, պաշտպանեն քաղաքացիական տարածքը և ապահովեն հանրային մարմինների թափանցիկությունը։ Հակառակ դեպքում կառաջանա վտանգ, որ քաղաքացիները կդառնան խոցելի պաշտոնեական արմատացած չարաշահումների նկատմամբ։ »
Կոռուպցիան տարածաշրջանում․ հիմնական եզրահանգումներ
Կոռուպցիայի ընկալման համաթիվը դասակարգում է 182 երկիր և տարածք՝ ըստ հանրային հատվածում կոռուպցիայի ընկալվող մակարդակի՝ 0-ից (խիստ կոռումպացված) մինչև 100 (շատ մաքուր) սանդղակով։
- Թուրքմենստանը (17), Տաջիկստանը (19) և Ռուսաստանը (22) ԿԸՀ 2025 համաթվի ամենացածր արժեքներ ունեցող երկրներն են՝ արտացոլելով այդ երկրներում ժողովրդավարական թույլ ինստիտուտները և բռնաճնշումների բարձր մակարդակը։
- Թափանցիկության ցածր մակարդակը և թերի բարեթոխումները խարխլում են առաջընթացը։ Արևմտյան Բալկանների և Միջին Ասիայի շատ երկրներում հապճեպ կամ թերի իրականացված բարեփոխումները, լրագրողների և հասարակական կազմակերպությունների նկատմամբ բռնաճնշումները, և որոշումների ընդունման ոչ թափանցիկ մեխանիզմները սահմանափակում են հակակոռուպցիոն ոլորտում գործադրված ջանքերը։
- Վրաստանի (50) օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է ժողովրդավարության նահանջը սնուցում կոռուպցիան։ Քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումները, լրատվամիջոցների դեմ կիրառվող սահմանափակումները, հասարակական կազմակերպություններին թիրախավորող օրենքները և պետության զավթումը վերնախավերի կողմից թուլացրել են հանրային վերահսկողությունը՝ ձևավորելով մի միջավայր, որում կոռուպցիան կարող է ծաղկել։
- Ուժեղ քաղաքացիական հասարակությունը և անկախ կառույցները, որոնք առկա են Ուկրաինայում (36) և Մոլդովայում (42), կարող են խթանել իմաստալից հակակոռուպցիոն բարեխոխումները՝ չնայած գյություն ունեցող մարտահրավերներին։
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: