«Առավոտի» զրուցակիցը ԱՄՆ Ուրբանա-Շամպեյնում Իլինոյսի համալսարանի (UIUC) Մեխանիկական գիտությունների և ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, ՆԱՍԱ-ի հիմնադրած AVIATE կենտրոնի տնօրեն Նաիրա Հովակիմյանն է։
Նրա կենսագրությունն այնքան բազմաբովանդակ և բազմաճյուղ է, որ զարմացնում և հիացնում է՝ սկզբնական կրթություն ԵՊՀ-ում, ապա՝ Մոսկվայում թեկնածուականի պաշտպանություն, որից հետո՝ շարունակական կրթություն Եվրոպայում՝ Գերմանիա, Ֆրանսիա, ապա՝ Ճապոնիայում, Իսրայելում, և վերջապես ԱՄՆ-ում, որտեղ էլ նա հաստատվեց և արդեն երկար տարիներ դասավանդում և գիտությամբ է զբաղվում աշխարհի առաջատար համալսարաններից մեկում։ UIUC-ը ԱՄՆ-ի 30 լավագույն համալսարանների թվում է, իսկ ճարտարագիտական և համակարգչային գիտությունների ոլորտում՝ առաջին հնգյակում է։
«Համակարգային մտածողությունը ես գտա ԱՄՆ-ում»
Ծնվել ու մեծացել եմ Կապանում, ԵՊՀ-ն ավարտել եմ 1988 թվականին։ Դա Հայաստանի համար պատմական ծանր շրջան էր։ Դրանից հետո մեկնեցի Մոսկվա՝ թեկնածուական թեզս պաշտպանելու։ 1992 թվականին, երբ արդեն սկսվել էր Արցախյան առաջին պատերազմը, վերադարձա Հայաստան և փորձեցի աշխատել Գիտությունների ակադեմիայում, բայց հասկացա, որ այն ժամանակվա պայմաններում գիտությամբ զբաղվելն այնպիսի հնարավորություններ չէր տալիս, ինչպիսին ես էի փնտրում։
1994 թվականին, երբ Հայաստանում բացվեց Գերմանիայի դեսպանատունը, կրթաթոշակ ստացա Շտուտգարտի համալսարանում սովորելու համար։ Հետո մեկնեցի Ֆրանսիա՝ գիտաժողովի, որտեղ իմ աշխատանքներով հետաքրքրված գիտնականների հետ ծանոթացա։ Այդպես ստացա նաև ֆրանսիական կրթաթոշակ։ Ավելի ուշ Ճապոնիայում երիտասարդ գիտնականների մրցանակ ստացա, հետո՝ հրավեր Իսրայելից։ Իսկ Իսրայելում արդեն մի պրոֆեսորի միջոցով կապ հաստատվեց ԱՄՆ-ի Georgia Tech համալսարանի հետ։ Նրանք փնտրում էին երիտասարդ մաթեմատիկոսի՝ կայունության տեսության և հարակից ուղղությունների գիտելիքներով։
1998 թվականին մեկնեցի ԱՄՆ՝ սկզբում վեց ամսով։ Հետո պայմանագիրը երկարացվեց, և աստիճանաբար հասկացա, որ այստեղ ոչ միայն հետաքրքիր աշխատանք կա, այլև այնպիսի միջավայր, որտեղ իմ բոլոր հարցերը վերջապես պատասխան ստացան։
Ինձ միշտ հետաքրքրել է ոչ միայն առանձին խնդիրը, այլև՝ ամբողջ համակարգը։ Մեխմաթում հաճախ հարցնում էի՝ ինչո՞ւ հենց այս թեորեմն ենք ապացուցում, ինչո՞ւ հենց այս խնդրի վրա ենք աշխատում, բայց ամբողջական պատասխաններ չէի ստանում։ ԱՄՆ-ում ես առաջին անգամ տեսա, թե ինչպես են մաթեմատիկական տեսությունները կապվում իրական կիրառությունների հետ, ինչպես է ամբողջ համակարգը աշխատում։ Հասկացա՝ ինչու ենք խնդիրն այսպես ձևակերպում, որտեղ է կիրառվելու լուծումը, ինչու է մի մոտեցումն ընդունելի, իսկ մյուսը՝ ոչ։ Այդ ամբողջական պատկերը ինձ հանգստություն տվեց։ Ես այստեղ գտա իմ տեղը։
ՆԱՍԱ-ի հետ համագործակցությունը
-Պրոֆեսոր, Ձեր կենսագրության մեջ մի բառ կա, որը տիեզերքով և գիտությամբ հետաքրքրվող պատանիների համար կախարդական, հեքիաթային կարող է թվալ՝ ՆԱՍԱ: Ինչպե՞ս եք համագործակցել այդ ընկերության հետ:
-ՆԱՍԱ-ի հետ համագործակցում ենք մինչև այսօր։ ԱՄՆ-ում առաջատար համալսարաններում աշխատանքի հիմնական մասը կապված է հետազոտությունների և դոկտորանտների հետ աշխատանքի հետ։ Դրա համար անընդհատ պետք է դրամաշնորհներ ներգրավել։ Մեզ ֆինանսավորում են ՆԱՍԱ-ն, ԱՄՆ օդային ուժերը, Գիտության ազգային հիմնադրամը և այլ կառույցներ։
ՆԱՍԱ-ի հետ հիմնականում աշխատում ենք թեստավորման ուղղությամբ, օդային ուժերի հետ՝ նոր տեխնոլոգիաների մշակման, իսկ Գիտության ազգային հիմնադրամի հետ՝ նոր գիտական խնդիրների ձևակերպման վրա։ Այս ամենը համակարգային աշխատանքի օրինակ է։
Մենք զբաղվում ենք ինքնակառավարվող համակարգերով, օդային շարժունակությամբ, թռիչքների անվտանգությամբ։ Տիեզերք չենք գնացել դեռ (ժպտում է- խմբ.), տիեզերական խնդիրների վրա չենք աշխատել, բայց մեր մեթոդները փորձարկվել են տարբեր օդային հարթակների վրա։ Այսօր հատկապես մեծ հետաքրքրություն կա փոքր ինքնավար օդանավերի նկատմամբ, որոնք կարող են արագ կապ ապահովել տարբեր օդանավակայանների միջև։
«Գիտությունը, դասավանդումը և մենթորությունը մեկ ամբողջություն են»
-Ձեր աշխատանքի ո՞ր ուղղությունն եք կարևորում՝ դասավանդո՞ւմը, մենթորությունը, գիտական աշխատա՞նքը, թե մեկ այլ բան…
-Դժվար է առանձնացնել, այդ բոլորը մեկ ամբողջական համակարգի տարբեր մասեր են։ Եթե ինքս ակտիվ գիտությամբ չզբաղվեմ, չեմ կարող հետաքրքիր դասավանդել։ Եթե ուսանողներին չսնուցես գաղափարներով, նրանք չեն կարող զարգանալ։
Ամերիկյան համալսարանների ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ այնտեղ ստեղծված է ստեղծագործելու ազատ միջավայր։ Երբ գիտնականը ստանում է tenure՝ մշտական հաստատված հաստիք, նա արդեն կարող է մեծ ռիսկեր վերցնել, նոր ուղղություններով զբաղվել, տարբեր ոլորտներ ուսումնասիրել։ Այսօր կարող ես աշխատել ավիացիայի վրա, վաղը՝ բժշկության, մյուս օրը՝ տնտեսագիտության։ Կարևորն այն է, որ մտածողության վրա սահմանափակումներ չկան, այսինքն՝ ունես տարբեր ռիսկեր վերցնելու հնարավորություն, իսկ ռիսկեր վերցնելու հմայքը և գայթակղությունը նրա մեջ է, որ ազատ ես, կարող ես մտածել խենթ մի բան ու փորձել իրականացնել դա, լրիվ ըմբոշխնել ու զբաղվել այդ կրեատիվ ստեղծագործական աշխարհի լաբիրինթներում՝ տարբեր հետաքրքիր գանձեր գտնելով։ Ինչպես մեր պրոֆեսորներից մեկն է ասում՝ «Մենք բախտավոր մարդիկ ենք․ զբաղվում ենք այն գործով, որն իսկապես սիրում ենք, և դրա համար նաև վարձատրվում ենք»։
Հայաստանը, գիտությունը և «ուղեղների արտահոսքը»
Այսօր տեղեկատվական դաշտն այնքան բաց է, որ մարդը կարող է աշխարհի ցանկացած կետից գիտությամբ զբաղվել։ Բայց շատ կարևոր է միջավայրը։ Գիտությամբ հնարավոր չէ զբաղվել մեկուսացած․ պետք է մասնակցել գիտաժողովների, քննարկումների, համագործակցել մարդկանց հետ, ստանալ հետադարձ կապ։
Եթե Հայաստանում մարդը գտնում է համախոհ միջավայր, կարող է բավականին լուրջ արդյունքների հասնել նաև այնտեղ։ Վերջին տարիներին ես որոշ դրական փոփոխություններ տեսնում եմ։ Կան նոր ծրագրեր, նոր թիմեր, նոր նախաձեռնություններ։
Մի քանի տարի առաջ համագործակցում էինք Պոլիտեխնիկական համալսարանի հետ, աշխատում էինք ինքնակառավարվող համակարգերի և թռչող սարքերի ուղղությամբ։ Այդ համագործակցությունն այլևս չկա, բայց մենք շարունակում ենք աշխատել Հայաստանի այլ գործընկերների հետ՝ մասնավորապես Գիտական նորարարությունների և կրթության հիմնադրամի թիմի հետ։ Փորձում ենք նաև Ամերիկյան համալսարանի հետ նոր ծրագրեր սկսել։
Ինձ թվում է՝ այսօր Հայաստանում արդեն կան երիտասարդներ, որոնք կարողանում են իրենց հայրենիքում մնալով՝ կապ պահպանել աշխարհի գիտական միջավայրի հետ։ Եթե NVIDIA-ն ու Firebird-ը իսկապես կառուցեն տվյալների մշակման մեծ կենտրոնը, դա նույնպես կարող է նոր հնարավորություններ ստեղծել։
«Համակարգային մտածողությունն է պակասում»
Եթե ուզում ենք, որ Հայաստանում գիտությունն ու տեխնոլոգիաները զարգանան, պետք է համակարգային մոտեցում լինի՝ կառավարությունից մինչև մանկապարտեզ։ ԱՄՆ-ում համալսարանները, կառավարությունը, դպրոցները, գիտական կենտրոնները անընդհատ փոխադարձ կապի մեջ են։ Մենք գնում ենք նույնիսկ մանկապարտեզներ ու երեխաներին բացատրում, թե ինչով ենք զբաղվում։ Միաժամանակ կառավարությանը հետադարձ կապ ենք տալիս՝ որ ուղղություններն են կարևոր, ինչ տեխնոլոգիաներ են զարգանում, ինչ պետք է ֆինանսավորել առաջիկա տասնամյակներում։
Հայաստանում հաճախ տպավորություն է ստեղծվում, որ բոլորը խոսում են, բայց իրար չեն լսում։ Այնուամենայնիվ, ես լավատես եմ։ Այսօրվա Հայաստանը նույնը չէ, ինչ 10 կամ նույնիսկ 5 տարի առաջ։ Կարծում եմ՝ կան զարգացման հիմքեր։
Gen Z-ի և այլ կարծրատիպերի հերքում
-Աշխատում եք ուսանողների հետ, առնչվե՞լ եք այն կարծրատիպին, որ կա նոր սերունդի՝ Gen Z-ի մասին, թե պասիվ են, դժվար են սոցիալազացվում, անտարբեր են և ցինիկ:
-Շատ եմ լսել այդ կարծրատիպը, բայց այն միջավայրում, որտեղ ես աշխատում եմ, նման բան գրեթե չեմ տեսնում։ UIUC-ում ուսանողները չափազանց մոտիվացված են, շատ աշխատասեր և հետաքրքրասեր։ Միգուցե սոցիալական ցանցերում այլ պատկեր կա, բայց իմ առօրյա փորձը բոլորովին այլ է։ Այսօր աշխարհն այնքան արագ է զարգանում, որ ձանձրանալու ժամանակ պարզապես չկա։ Երիտասարդները մշտապես նոր գաղափարներ են բերում, հետևում են տեխնոլոգիական փոփոխություններին, հետաքրքրվում են նոր խնդիրներով։ Այդ միջավայրն ինքնին մեծ էներգիա է տալիս։
Այն կարծրատիպը, թե տղամարդիկ ավելի խելացի են, քան կանայք, ինձ համար անցյալ դարի մտածողություն է։ Ես գիտեմ բազմաթիվ փայլուն կանանց, որոնք իրենց ոլորտներում առաջատարներ են։ Ո՞վ ասաց, որ տղամարդիկ ավելի խելացի են, նման բան չկա: Աստված բոլորին հավասար է ստեղծել՝ անկախ սեռից, գույնից և այլ տարբերակումներից:
Նույնը վերաբերում է նաև այն կարծրատիպին, թե տեխնիկական կրթությամբ մարդիկ «չոր» են և արվեստով չեն հետաքրքրվում։ Մեր մաթեմատիկոսներից շատերը հրաշալի երաժիշտներ են։ Շատ հաճախ պրոֆեսորներին տեսնում եմ դաշնամուրի կամ կիթառի մոտ։ Գիտությունը և ստեղծագործությունը իրար հակադիր չեն։ Ընդհակառակը՝ ստեղծագործ մտածողությունը գիտության ամենակարևոր մասերից է։
«Աշխատանքից դուրս կյանքս էլ աշխատանքի հետ է կապված»
Իմ կյանքում գիտությունն ու անձնական աշխարհը շատ փոխկապակցված են։ Ուսանողներիս հետ հաճախ ոչ միայն աշխատում ենք, այլ նաև միասին ժամանակ անցկացնում, ճամփորդում գիտաժողովների, նոր մարդկանց հանդիպում։ Ուսանողներիս հետ շատ ժամանակ եմ անցկացնում, և էներգիա եմ ստանում նրանց հետ շփումից, իրենք էլ ինձ միշտ ուշադրությամբ և սիրով են շրջապատում:
Վերջերս Նյու Յորքում գիտաժողով ունեի, որն անսպասելի շուտ ավարտվեց։ Ազատ ժամանակն օգտագործեցի Մետրոպոլիտեն թանգարան այցելելու համար, որտեղ տեսա հայկական խաչքարը, իսկ երեկոյան Մետրոպոլիտեն օպերա գնացի, «Տրավիատայում» երգում էր հայ տենոր Լիպարիտ Ավետիսյանը։ Շատ հաճելի զգացողություն էր՝ Նյու Յորքի նման քաղաքում լսել հայ երգչի։
«Եթե հնարավորություն ունենայի, կրթական համակարգը կփոխեի»
-Պրոֆեսոր, եթե հնարավորություն ունենայիք ինչ-որ բան փոխել Ձեր անցյալում, ի՞նչ կփոխեիք:
-Շատ բան կփոխեի, իմ դպրոցը, համալսարանը… կրթական համակարգը կփոխեի։ Իմ ստացած կրթությունը վատը չէր, այն ինձ սովորեցրել էր մտածել, խիստ լինել մաթեմատիկական ապացույցների նկատմամբ, բայց այն թերի էր։ Մենք սովորում էինք թեորեմներ ապացուցել, բայց քիչ էինք հասկանում՝ այդ գիտելիքը որտեղ և ինչպես է կիրառվելու, ինչ մեծ համակարգի մաս է կազմում։
Երբ Հայաստանից գալիս ես Ամերիկա, այստեղ քո դիպլոմը կամ նախորդ կրթությունը ոչ ոքի առանձնապես չի հետաքրքրում։ Այդ ճանապարհը շատ դժվար էր, բայց նաև շատ ուսուցանող։
«Պետք է մեծ մտածել»
-Կա՞ մի խորհուրդ, որը կուզենայիք լսել, երբ երիտասարդ էիք, կամ գուցե լսել եք և Ձեզ օգնել է, ու դա կփոխանցեք նոր սերունդին:
Ամերիկայում իմ առաջին պրոֆեսորներից մեկը մի շատ կարևոր խորհուրդ տվեց։ Ասաց՝ ամբողջ օրը միայն հոդվածներ մի կարդա, աշխարհին էլ հետևիր։ Այդ ժամանակ դեռ ինտերնետն այսքան զարգացած չէր, և նա ինձ խորհուրդ տվեց ամեն օր մեկ ժամ հեռուստացույց նայել, CNN-ի լուրերը դիտել, հասկանալ՝ ինչ է կատարվում աշխարհում։ Ես այդ ժամանակ սահմանափակ պատկերացում ունեի աշխարհի մասին։
Այդ խորհրդին հետևելով ես սկսեցի լայն մտածել։ Ոչ թե փակվել միայն մի փոքր խնդրի մեջ, այլ հասկանալ, թե ինչպես կարող է քո գիտությունը փոխել աշխարհը: Տեսեք, ես նույն մաթեմատիկայով եմ զբաղվում, նույն հոդվածն եմ գրում, բայց ՆԱՍԱ-ի համար մի խնդիր ենք լուծում, ռազմաօդային ուժերի համար՝ մեկ այլ ուղղություն ենք զարգացնում, մեկ ուրիշ բնագավառում՝ այլ օգուտ տալիս: Բայց մաթեմատիկան նույնն է, չի փոխվում: Բայց տեսնել այդ ամենը տարբեր ձևով, այդ կապերը տեսնել՝ տարբեր կազմակերպությունների վերցրած ուղեծիրների մեջ, այդ ամենը ես սովորեցի այստեղ: Պետք է աշխարհին մեծ, լայն ձևով նայել, բայց փոքր քայլերի վրա նուրբ ձևով աշխատելու կարևորությունը չանտեսել։ Ամենակարևորն այդ համադրությունն է, որը ես սովորեցի, ընդունեցի, և արդյունքում այսօր այնտեղ եմ, որտեղ գտնվում եմ։ Կարող էի, իհարկե, ավելի շատ բաների հասնել կամ ուրիշ կյանք ունենալ, բայց դժգոհ չեմ, քանի որ ամեն օր զբաղվում եմ մի գործով, որն ինձ համար հետաքրքիր է:
Տեսահարցազրույցի ամբողջական տարբերակը՝ ստորև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Լուսանկարները՝ Նաիրա Հովակիմյանի ՖԲ էջից
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: