Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

06.08.2026 | 12:01

Կառավարությունը նախատեսում է 2026-2031 թվականներին ապահովել շուրջ 2 միլիարդ դոլարի ապօրինի օտարված գույքի վերադարձ Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ գույքի վերադարձն իրականացվում է մի քանի ուղղություններով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համակարգով, պետական և համայնքային շահերի պաշտպանության մեխանիզմներով, ինչպես նաև քրեական գործերով կայացված դատական ակտերի հիման վրա։ 

«Մենք ունենք նաև այլ մեխանիզմներ, որոնցով, մասնավորապես, լինում է, որ բանակցելով՝ այգիների դեպքում հատկապես վերադարձվում է համայնքին։ Բայց սա ոչ մի տեղ չի հաշվառվում։ Պետք է հաշվառման հարցը հասկանալ, որովհետև կան այգիներ, որոնք բանակցությամբ վերադարձվել են, այնտեղ ներդրումներ են արվել, բայց մեր հաշվետվության մեջ չի երևում»,- ասաց վարչապետը։ 

Նա նշեց, որ խոշոր ձեռնարկությունների մասով կառավարությունն ունի որոշակի մոտեցում․ դրանք պետք է մնան պետական սեփականություն և հանձնվեն հավատարմագրված կառավարման, իսկ արտադրական ձեռնարկությունները պետք է մասնավորեցվեն թափանցիկ մրցույթներով։

«Ես չեմ կարծում, որ արտադրական ձեռնարկությունները պետք է պահենք կառավարության կառավարման ներքո, որովհետև խնդիր կլինի։ Դա պետք է թափանցիկ մրցույթներով մասնավորեցնենք։ Իհարկե, կառավարության որոշակի ներկայություն ունենալու համար կարող ենք ինչ-որ բաժնեմաս պահել»,- ընդգծեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment