Օնլայն առևտրի հարթակներն ամեն ամիս պետք է վաճառքների մասին տվյալներ տրամադրեն ՊԵԿ-ին

2027 թվականի հունվարի 1-ից առևտրի էլեկտրոնային հարթակները ՊԵԿ-ին ամեն ամիս տեղեկություններ կտրամադրեն Հայաստանից ԵԱՏՄ այլ երկրներ հարթակի միջոցով վաճառված ապրանքների մասին։ Կառավարությունը հաստատեց որշման նախագիծը։

Ըստ նախագծի` խոսքն այն դեպքերի մասին է, երբ Հայաստանում գործող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային առևտրի հարթակի միջոցով ապրանք է վաճառում ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկրում գտնվող սովորական գնորդին՝ ֆիզիկական անձին։

Կառավարությունը սահմանել է, որ օլնայն առևտրի հարթակը ՊԵԿ-ին պետք է տեղեկացնի՝ ով է վաճառողը, ինչ ապրանք է վաճառվել, ինչպես նաև ներկայացնի ապրանքի տեղափոխումը հաստատող փաստաթղթի համարն ու ամսաթիվը, եթե այդպիսի փաստաթուղթ առկա է։

ՊԵԿ-ին տեղեկություն պետք է փոխանցվի նաև, եթե գնորդը վերադարձրել է ապրանքը կամ հրաժարվել արդեն վճարված ապրանքից։

Նախագծում նշված է, որ տվյալները ներկայացվելու են միայն էլեկտրոնային եղանակով՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 20-ը։ Եթե հարթակը հետագայում իր ներկայացրած տվյալներում սխալ հայտնաբերի, պետք է ճշտված տեղեկություն ուղարկի ՊԵԿ։

Գործադիրը նաև ՊԵԿ–ի համար է պարտավորություններ սահմանել. հարկահավաք մարմինը ստացված տվյալները մեկ աշխատանքային օրվա ընթացքում պետք է հասանելի դարձնի համապատասխան վաճառողին՝ դրանք տեղադրելով նրա անձնական էջում։

Նախագծում նշված է նաև, որ եթե Հայաստանից ԵԱՏՄ այլ երկիր ապրանք է վաճառվում օնլայն հարթակի միջոցով, վաճառողը կարող է այդ գործարքի համար ԱԱՀ չվճարել։ Դրա համար ՊԵԿ-ը պետք է հարթակից ստանա վաճառքը հաստատող տվյալները։

Sputnik Արմենիա

Leave a comment