Եվրոպայի տեխնոլոգիական ընկերությունները անսպասելիորեն դառնում են արհեստական բանականության գլխավոր շահառուներից

Արհեստական բանականության բումը, ինչպես լայնորեն ակնկալվում էր, պետք է առավել մեծ օգուտ բերեր նոր ընկերություններին, որոնք ստեղծում են մոդելներ։ Սակայն վերջին ֆինանսական արդյունքները ցույց են տալիս, որ ԱԲ-ի գլխավոր շահառուների թվում են նաև Եվրոպայի խոշոր և վաղուց գործող տեխնոլոգիական ընկերությունները։ Այդ մասին գրում է Reuters-ը։

SAP, Capgemini, Sopra Steria և OVHcloud ընկերությունները հայտնել են պահանջարկի աճի, բիզնեսի զարգացման կամ կանխատեսումների բարելավման մասին, քանի որ ընկերությունները ԱԲ-ի փորձարկումներից անցնում են դրա կիրառմանը առօրյա գործունեության մեջ։

Միևնույն ժամանակ պարզվում է, որ բարդ կազմակերպությունների ներսում արհեստական բանականությունն իսկապես արդյունավետ դարձնելը շատ ավելի դժվար է, քան պարզապես տեխնոլոգիային հասանելիություն ստանալը։

Խոշոր կազմակերպությունները դժվար թե ապավինեն միայն մեկ ԱԲ մատակարարի։ Ավելի հավանական է, որ նրանք տարբեր խնդիրների համար օգտագործեն տարբեր մոդելներ՝ կախված դրանց արդյունավետությունից, անվտանգության պահանջներից և կարգավորող նորմերից։ Խնդիրը գնալով ոչ թե մոդելի ընտրությունն է, այլ ԱԲ-ի ինտեգրումը արդեն օգտագործվող ծրագրային ապահովման, տվյալների և բիզնես գործընթացների հետ։

«ԱԲ հավելվածներն են դառնում հիմնական մարտադաշտը, և հենց այնտեղ է ստեղծվելու արժեքի մեծ մասը», – նշվում է UBS-ի վերջերս հրապարակած վերլուծությունում։

Սա լիովին համապատասխանում է եվրոպական կայացած ընկերությունների ուժեղ կողմերին՝ ծրագրային ապահովման, խորհրդատվության և ենթակառուցվածքների ոլորտներում։ Դրանցից շատերը իրենց բիզնեսը կառուցել են՝ օգնելով խոշոր կազմակերպություններին ինտեգրել բարդ տեխնոլոգիաներ դեռևս գեներատիվ արհեստական բանականության հայտնվելուց շատ առաջ։

Խոշոր կազմակերպությունների մեծ մասը տեխնոլոգիական առումով չի սկսում «մաքուր էջից»։ ԱԲ համակարգերը պետք է աշխատեն տասնամյակների ընթացքում ստեղծված ծրագրերի, տարանջատված տվյալների բազաների, անհատականացված հավելվածների և կառավարման գնալով ավելի բարդ պահանջների հետ։ Դրանք նաև պետք է հասանելիություն ունենան ընկերության արդիական տվյալներին՝ պահպանելով մուտքի իրավունքները, ապահովելով աուդիտի թափանցիկությունը և ներդրվելով աշխատակիցների առկա աշխատանքային գործընթացներում։

Այս բարդությունն արդեն դառնում է ԱԲ-ի ներդրման գլխավոր սահմանափակումներից մեկը։ Boston Consulting Group-ը նշում է, որ ԱԲ-ի ներդրումը զարգանում է ավելի արագ, քան ընկերությունների կարողությունը՝ կառավարելու այդ գործընթացը։ Ներդրողների ավելի քան 70%-ը մտահոգված է, թե արդյոք կազմակերպությունները բավարար տեխնիկական և գործառնական հնարավորություններ ունեն ԱԲ-ի հաջող կիրառման համար։

Քանի որ ընկերությունները փորձարկումներից անցնում են գործնական կիրառման, արժեքի ստեղծման շղթայում ավելի մեծ բաժին են զբաղեցնում ներդրման, ինտեգրման և կառավարման համակարգերի հետ կապված ծախսերը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment