Սամվել Կարապետյան. Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարարեր, գործարար Սամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի տոնը.

«Տոնդ շնորհավո՛ր, քաղաքամա՛յր Երևան։

Երևանն անհնար է չսիրել՝ իր պատմությամբ, անկրկնելի կոլորիտով ու մարդկանց ջերմությամբ։ Մեր Երևանը միշտ բաց է եղել աշխարհի առաջ, բայց երբեք չի կորցրել իր հայկական դիմագիծն ու ինքնությունը։ Այն պահպանել են հենց երևանցիները՝ իրենց սրտացավությամբ, աշխատասիրությամբ ու դժվար ժամանակները պատվով հաղթահարելու կամքով։

Երևանի 2808-ամյա պատմությունը հայերիս հպարտությունն է, իսկ ապագան՝ հենց մեր պատասխանատվությունը։

Երևանը միայն վայելելու համար չէ։ Սիրել նշանակում է նաև կարողանալ հոգ տանել, պահպանել ու շենացնել։

Մեր մայրաքաղաքն արժանի է մեծ մտածողության ու մեծ ծրագրերի։ Պետք է վերջ տալ ուրբանիստական տեռորին, պահպանել հին Երևանի հոգին և կառուցել ժամանակակից, կանաչ, տնտեսապես հզոր քաղաք, որտեղ հարմար է ապրել, աշխատել ու մեծացնել երեխաներին։

Մի բան անփոփոխ է՝ Երևանը պարզապես քաղաք չէ։ Այն եղել ու մնալու է համայն հայության մտքի, մշակույթի, ուժի ու մեծ փոփոխությունների կենտրոն։

Եվ Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու։

Ձեր՝ Սամվել Կարապետյան»։

Panorama.am

Leave a comment