Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը

Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը բաղկացած է ոչ միայն թղթի վրա հայտարարություններից․ Ադրբեջանը գործնական քայլերով հաստատել է խաղաղության նկատմամբ իր հանձնառությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրքական Milliyet թերթին այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Հարավային Կովկասում ներկայում խաղաղություն է։ Եթե հայ-ադրբեջանական պատերազմը շարունակվեր, մեր հարևան երկրներում հակամարտություններից բխող կայծերը կարող էին տարածվել մեր տարածաշրջանում»,- ասել է նա։

Հաջիևը նաև դրական է գնահատել Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից «Իրական Հայաստան» հայեցակարգի ընդունումը որպես հիմնական մոտեցում։

«Մենք գիտակցում ենք, որ հայկական կողմը ևս ընդունել է նոր աշխարհաքաղաքական իրականությունը և համապատասխանաբար ձևավորում է իր քաղաքականությունը։ Նրանք հասկացել են, որ տարիներ շարունակ վարվող օկուպացիոն քաղաքականությունն իրենց պատանդ է պահել, և նրանք ճանաչել են այս ուղու սխալականությունը։ Հայաստանն այժմ գիտակցում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությունն իր սեփական զարգացման համար»,- նշել է Հաջիևը։

Նա նաև հայտարարել է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր աշխարհաքաղաքական իրականության մաս է և ծառայում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերին։

«Որովհետև Հայաստանը նույնպես հասկանում է, որ տարածաշրջանում տարանցիկ հնարավորությունների առկայությունը կարևոր է իր սեփական զարգացման համար։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջան-Հայաստան և Թուրքիա-Հայաստան խաղաղության գործընթացները զուգահեռ ընթանան և արդյունքների հասնեն», – ընդգծել է Հաջիևը։

Բացի այդ, նա կրկին հայտարարել է, թե վերջնական համաձայնագիրը ստորագրելու համար Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հեռացնի այն դրույթները, որոնք Բաքուն համարում է տարածքային պահանջներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment