Երևան է ժամանել ԱՄՆ հատուկ բանագնացի խորհրդականը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետ

Բաժանորդագրվել

ԱԳՆ–ն ներկայացրել է ամերիկացի պաշտոնյայի և ՀՀ արտգործնախարարի հանդիպման մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հնարավոր քայլերը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները քննարկել են նաև առևտրատնտեսական համագործակցության և Հայաստանի տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ փոխգործակցության հնարավորություններն ու ծրագրերը:

Միրզոյանը և Լայթսթոունը քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված և այդ ճանապարհին առկա մրցակցային առավելությունների իրացման հարցեր: Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ ծրագրի կյանքի կոչման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

«Երկուստեք ընդգծվել է ծրագրի՝ գետնի վրա հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հարցում շահագրգռվածությունը: Մտքեր են փոխանակվել միջազգային փոխադրումների և ենթակառուցվածքների համակարգում Հայաստանի առավելագույնս արդյունավետ ինտեգրման հեռանկարների շուրջ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները քննարկել են նաև արհեստական բանականության ոլորտում ակտիվորեն զարգացող փոխգործակցությունը և «Firebird AI» ընկերության մեգանախագծի առաջին փուլով կառուցվող տվյալային կենտրոնի («ԱԲ գործարանի») գործարկումը:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Leave a comment