Իսրայելն ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ նախատեսված հարվածի չեղարկման մասին իմացել է Թրամփի հրապարակումից․ N12

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների պնդմամբ՝ երկրի ղեկավարությունը Միացյալ Նահանգների՝ Իրանի դեմ նախատեսված հարվածի չեղարկման մասին տեղեկացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Truth Social-ում կատարած հրապարակումից։ Այս մասին հայտնում է իսրայելական N12 հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին 24 ժամն իսրայելական ղեկավարության համար անցել է «մթության մեջ քայլելու» պայմաններում։ Նշվում է, որ նույնիսկ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը նախապես չեն տեղեկացվել Վաշինգտոնի որոշման մասին։

Ըստ աղբյուրի՝ սկզբում իսրայելական կողմը փորձել է պարզել՝ Թրամփի հրապարակումը ապատեղեկատվության տարր էր, թե իսկապես արտացոլում էր ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը։ Դրանից հետո միայն որոշում է կայացվել նվազեցնել ռազմական պատրաստվածության մակարդակը։

N12-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գործողության անսպասելի չեղարկումը խաթարել է ռազմական պլանավորումը։ Միաժամանակ Իսրայելում կարծում են, որ թեև Թրամփը վերադարձել է դիվանագիտական ջանքերին, Իրանի դեմ ռազմական հարվածի տարբերակը դեռևս մնում է օրակարգում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment